.jpg)
Ծխախոտ. Մեծ նախազգուշացումներ, անուշաբույր ծխախոտների արգելք
Այսօր Եվրոպական խորհրդարանն ընդունեց ծխախոտի հետ կապված օրենքի նախագիծ, որով փորձ է արվում այն հնարավորինս քիչ գրավիչ դարձնել երիտասարդության համար։
Օրենքի նախագծով սահմանվում է, որ ծխախոտի տուփի մակերեսի 65 տոկոսը պետք է լինի ծխելու վնասակար ազդեցության նախազգուշացումը։ Մրգային, մենթոլով և փոքր տուփերով ծխախոտներն արգելվում են։ Էլեկտրոնային ծխախոտները պետք է կարգավորվեն։
Եվրախորհրդարանի պատգամավոր, զեկուցող Լինդա ՄքԱվան ասաց․ «Մենք գիտենք, որ երեխաներն են, այլ ոչ թե մեծերը, որ սկսում են ծխել։ Մենք պետք է կանխենք ծխախոտ արտադրող ընկերությունների կողմից երիտասարդների թիրախավորումը»։
Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Aysor.am-ի թղթակիցը, այսօր, մինչ քվեարկությունը, լրագրողների հետ հանդիպել են Եվրոպական խորհրդարանի բոլոր խմբերի ղեկավարները։
Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմի ղեկավար Հանս Սվաբոդան քննադատեց ծխախոտային ընկերություններին և լրագրողների համար բացահայտում արեց, որ պառլամենտում ծխախոտային օրենքի ընդունման դեմ լայն լոբբիստական գործուեություն է ծավալում Philip Morris ընկերությունը։
Պարզվեց նաև, որ Philip Morris-ի լոբբիզմն իրականացնում են եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավորները։
Կանաչների խմբի ղեկավարը ևս փաստեց, որ մեծ լոբբիստական աշխատանք է տարվում Եվրախորհրդարանում։
Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Ժոզեֆ Դոլն առավել կառուցողական մոտեցում ուներ հարցի վերաբերյալ։ Նշվեց, որ ԵԺԿ-ն չի ցանկանում արգելել կամ խրախուսել ծխելը, նրանք իրենց խնդիրն են համարում բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունը։
Առողջական զգուշացումներ
Ներկա օրենսդրությամբ առողջական զգուշացումները ծածկում են տուփի դիմացի մակերեսի 30 տոկոսը, հետևի՝ 40 տոկոսը։ Պատգամավորները ցանկանում են այն դարձնել 65 տոկոս։ Ծխախոտի բրենդը պետք է լինի տուփի վերևի մասում։
20 հատից պակաս ծխախոտ պարունակող տուփերն արգելվեցին։ Սակայն պատգամավորները մերժեցին սլիմ ծխախոտների արգելքը։
Հավելանյութեր
Պատգամավորները դեմ են ծխախոտների մեջ հավելումների և անուշաբույր նյութերի օգտագործմանը, որոնք առավել գրավիչ են դարձնում այն երիտասարդների համար։
Այսպիսով, զեկուցող Լինդա ՄքԱվանին պատգամավորները լիազորեցին բանակցել Եվրամիության նախարարների հետ։ Մանդատը հաստատվեց 620 կողմ, 43 դեմ ձայներով։
Պառլամենտի և ԵՄ խորհրդի կողմից օրենքի հաստատումից հետո ԵՄ անդամ երկրներին կտրվի 18 ամիս՝ կանոնակարգերը թարգմանելու և կիրառելու համար։