.jpg)
Կորել է վստահությունը Թուրքիայի հանդեպ
«Արաբական գարնան» շրջանակներում տեղի ունեցած գործընթացների հետևանքով, ինչպես նաև՝ քաղաքական նոր վերափոխումներ ապրած մի շարք արաբական երկրների հարցում Թուրքիայի ձախողված արտաքին քաղաքական հաշվարկների և ոչ ճիշտ արձանգանքների պատճառով էականորեն տուժեցին Անկարայի հարաբերությունները մասնավորապես Սիրիայի, իսկ վերջին ամիսներին` նաև Եգիպտոսի հետ:
Եթե Սիրիայի դեպքում իրավիճակն անդառնալի է, ապա գոնե արաբական ամենաառանցքային պետություններից մեկի` Եգիպտոսի պարագայում թուրքական կողմը որոշակի քայլեր է ձեռնարկում դրությունը շտկելու համար. այդ նպատակով Անկարան առաջարկել էր կազմակերպել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուի այցը Կահիրե, ինչը ողջունել էին եգիպտական իշխանությունները:
Մինչդեռ լուրջ հիմքեր կան կարծելու, որ այդ այցը կարող է չկայանալ, քանի որ եգիպտական կողմը հրաժարվել է ընդառաջել Անկարայի ներկայացրած նախապայմանը` հնարավորություն ընձեռելու Դավութօղլուին` հանդիպելու ներկայում կալանքի տակ գտնվող Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամադ Մուրսիին: Այս պայմաններում, բնականաբար, թուրքական կողմի համար առավել նախընտրելի կլինի ընդհանրապես հրաժարվել նման այցելությունից, քանի որ թուրքական բարձրաստիճան պաշտոնյայի` Եգիպտոս ժամանելու և նախկին նախագահին չհանդիպելու հանգամանքը, ում հետ թուրքական իշխանությունները, մեղմ ասած, սերտ հարաբերություններ ունեին, հղի է բավականին լուրջ հետևանքներով՝ Անկարայի հեղինակության համար մի կողմից հենց Եգիպտոսում Մուրսիին հարող ուժերի շրջանում, մյուս կողմից` նաև արտաքին հարթակում...և սա այն դեպքում, երբ Եգիպտոսի ժամանակավոր իշխանությունները նման հնարավորություն են ընձեռել, ասենք, հուլիսի վերջին գրեթե միաժամանակ երկիր այցելած Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավար Էկմելեդդին Իհսանօղլուին, Աֆրիկյան միության պատվիրակությանը, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթիրն Էշթոնին և այլոց...իսկ այ Թուրքիային մերժում են: Իսկ պատճառն էլ նոր չէ` կորել է վստահությունը Թուրքիայի հանդեպ: