.jpg)
Դավիթ Հարությունյան. Զարուհի Փոստնաջյանը հակահայ քաղաքականություն չի վարել
ԵԽԽՎ պատվիրակության կազմից Զարուհի Փոստանջյանին հեռացնելու հարց չկա, այս պահին միայն կարող է խոսք լինել պատվիրակության կազմը փոփոխելու մասին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԵԽԽՎ-ում տեղի ունեցած հայտնի դեպքի մասին, այս մասին ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Նա ձեռնպահ մնաց մեկնաբանել հարցը՝ պատճառաբանելով, որ այն գտնվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի իրավասության ներքո, սակայն. «ԵԽԽՎ պատվիրակության կազմը պետք է լինի հավասարակշռված»,- ասաց Դ. Հարությանը՝ հավելելով, որ ընթացակարգը թույլ է տալիս ռոտացիոն կարգով ընտրել պատվիրակության անդամ:
Շարունակելով խոսքը՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմի ղեկավարը նշեց, որ շատերը ծանոթ չեն կանոնակարգին. «Կա մշտական և փոխարինվող կազմ: Խնդիրը նրանում է, որ մշտական կազմում կա չորս հոգի, այդ պատճառով էլ քաղաքական բնական ավանդույթ է, որ երբ մշտական անդամները հարց չեն տալիս, տեղի է ունենում փոխարինում, և դա ժողովրդավարության դրսևորում է»:
«Տարօրինակ կլիներ, որ իշխանական կուսակացության անդամն իր հարցն ուղղեր հենց իրենց կուսակցության ղեկավարին, իսկ այս դեպքում՝ երկրի ղեկավարին: Տվյալ դեպքում ՀՀ Նախագահին հարց ուղղելու համար հերաթագրվել էին երկու հոգի՝ Զարուհի Փոստանջյանը և Լևոն Զուրաբյանը»,- մանրամասնեց Դ. Հարությունյանը՝ նշելով, որ հարց տալու հերթականությունը կախված է նրանից, թե ով երբ է հերթագրվել:
Պատգամավորը հիշեցրեց, որ նախորդ անգամ, երբ Սերժ Սարգսյանը ելույթ էր ունենում ԵԽԽՎ-ում, նույն Զարուհի Փոստանջյանը կրկին նմանօրինակ հարց էր ուղղել, որը, ըստ Դ. Հարությունյանը, կրկին սուր էր, և «ինձ համար զարմանալի էր, որ Փոստանջյանի հարցը այսպիսի աղմուկ բարձրացրեց»:
Ինչ վերաբերում է կոնկրետ իր գնահատականին, ապա Դ. Հարությունյանը նկատեց, որ խոսքի ազատ արտահայտման իրավունքն ամենակարևորներից է, սակայն պետք չէ մոռանալ, որ կան սահմանափակումներ, որոնք ամարագրում են վարքագծի կանոնները:
«Անձամբ իմ գնահատմամբ՝ սա գրեթե աննախադեպ դեպք էր վեհաժողովում: Սակայն պետք է նշեմ, որ կան քաղաքական գործիչներ, որոնք նման կերպ են վարվում, որպեսզի ավելի լայն լուսաբանում ապահովեն կամ, իրենց կարծիքով, ավելի ընդդիմադիր երևան: Նման սկանդալային վարվելակերպին իմ գնահատականը բացասական է»,- ասաց Դ. Հարությունյանը՝ նշելով, որ Փոստանջյանի հարցում կար վիրավորանք:
Ամենամեծ հարվածը, սակայն, Դ. Հարությունյանի խոսքերով, ստացավ Հայաստանի ընդդիմությունը, որովհետև. «Ընդդիմությունը նման կեցվածքով չէ, որ համարվում է ողջամիտ ընդդիմություն»:
Ինչ վերաբերում է Փոստանջյանի հարցի պատճառով ՀՀ Նախագահի վարկանիշի հնարավոր անկմանը, Դ. Հարությունյանը նշեց, որ Սերժ Սարգսյանն ավելի ծանր հարցեր է քննարկում, և նման պարզունակ ձևերով նրան ծուղակ գցելը ուղղակի հնարավոր չէ. «Նրա անվան վրա որևէ ստվեր չընկավ, բացասական հետևանք չթողեց, հակառակը՝ բոլորը նշեցին, որ Ս. Սարգսյանը հմուտ քաղաքական գործիչ է, և վարվեց այնպես, ինպես կվարվեր երկրի փորձառու նախագահը»:
Ամփոփելով խոսքը՝ Դ. Հարությունյանը նշեց, որ թեև իրենք ունեն հակառակ քաղաքական հայացքներ, սակայն Զ. Փոստնաջյանը հակահայ քաղաքականություն չի վարել, նա պարզապես իրեն հուզող հարցն է բարձրացրել: