Սուսերամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճեց 1-ին տեղը
10/10/2013 19:37

Սուսերամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճեց 1-ին տեղը

Երևանում ավարտվել է սուսերամարտի միջազգային մցաշարը` նվիրված սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի ստեղծման 100-ամյակին:

Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Քուվեյթի հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության պատանի սուսերամարտիկները:

Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մրցաշարի առաջին օրը մրցահարթակ դուրս են եկել  ճկասուսերակիր տղաները և աղջիկները, որտեղ տղաների պայքարում 3-րդ տեղը կիսեցին Հայաստանը ներկայացնող Մայքլ Հովհաննիսյանը և Վերխվիաշվիլի Նիկոլոզը` Վրաստանից, 2-րդ տեղը զբաղեցրեց Իրանի Իսլամական հանրապետությունը ներկայացնող Մոհսեն Համզեհեյը և մրցաշարի հաղթող ճանաչվեց Քուվեյթի հանրապետությունը ներկայացնող Սաքի Ահմանը:

Ճկասուսեր աղջիկների մրցապայքարում 3-րդ տեղը կիսեցին Հայաստանը ներկայացնող Արփինե Աթոյանը և Վրաստանը ներկայացնող Աննա Մելիան, 2-րդ տեղը զբաղեցրեց Լիկա Ջիջեիշվիլին` (Վրաստան), աղջիկների մրցապայքարում հաղթողը ճանաչվեց նույնպես Վրաստանը ներկայացնող Մարիամ Վախիշվիլին:

Տղաների խոցասուսեր զենքաձևում հաղթող ճանաչվեց Մայքլ Հովհաննիսյանը , 2-րդ տեղը զբաղեցրեց Մանվել Հովհաննիսյանը և 3-րդ տեղը կիսեցին Ավետիս Ծերունյանը և Էդուարդ Հովիկյանը: Աղջիկների խոցասուսեր զենքաձևում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսովան, 2-րդ տեղը` Ռուսաստանը ներկայացնող Մարիա Զապատիվաննայան, իսկ 3-րդ տեղը զբաղեցրին վրաստանը ներկայացնող Կրիստինե Միկադզեն և Ռուսաստանը ներկայացնող Մարիա Արիստովան:

Այսպիսով` թիմային հաշվարկով Հայաստանն այս մրցաշարում զբաղեցրել է առաջին տեղը :
 

Սուսերամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճեց 1-ին տեղը