.jpg)
Պենև. «Մենք չենք վախեցել»
Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևն այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե ինչ-որ մեկը մտածում է, թե իրենց վախեցրել է այսօր «Զվարթնոց» օդանավակայանում հայ երկրպագուների իրականացրած ակցիան, սխալվում է:
«Մենք պատրաստվել ենք ոչ միայն վաղվա, այլև չեխերի հետ ընտրական փուլի վերջին հանդիպմանը: 1-2 խաղացողներ կբացակայեն թիմի կազմից, սակայն նրանց փոխարինողներ կան: Այո, այսօր օդանավակայանում մեզ վատ դիմավորեցին, բայց եթե որևէ մեկին թվացել է, թե մենք վախեցել ենք, ուրեմն սխալվել է:
Մեր խմբում հիմա բավական բարդ իրավիճակ է առաջացել: Սակայն փլեյ-օֆֆ փուլ մտնելու խնդրի լուծումը մեզանից է կախված, և մենք Երևան ենք եկել հաղթանակի համար»,- նշեց Պենևը:
Բուլղարիայի հավաքականի մարզիչը հրաժարվեց մեկնաբանել բուլղար երկրպագուների պահվածքը մեկ տարի առաջ Սոֆիայում կայացած Բուլղարիա-Հայաստան հանդիպման ժամանակ: Ինչ վերաբերում է այդ խաղում բուլղարացիների կոպտությանը, Պենևը հակված է կարծելու, որ սադրանքներ չկային, և խաղը ֆուտբոլային է եղել: Դե իհարկե, այլ պատասխան մենք չէինք էլ սպասում: Ի վերջո, կոշտ խաղը բուլղարացիներին վաղվա խաղում ձեռտնու չէ. 6 ֆուտբոլիստներ կան, ովքեր դեղին քարտ ստանալու դեպքում բաց կթողնեն հաջորդ` չեխերի հետ ոչ պակաս սկզբունքային հանդիպումը:
Անդրադառնալով Հայաստանի հավաքականին` Պենևը շեշտեց, որ իրենց առաջիկա մրցակիցը լավ հավասարակշռված թիմ է` առաջատար 4-5 ֆուտբոլիստներով: Նա, սակայն, հրաժարվեց առանձնացնել որևէ մեկին: