.jpg)
Քրդերը կրկին հրապարակում են իրենց հիմնական պահանջները
Թուրքիայի կառավարության կողմից հրապարակված «Ժողովրդավարացման փաթեթի» հետ կապված պատասխան հայտարարությամբ է հանդես եկել Քրդստանի բանվորական կուսակցության Քանդիլի ղեկավարությունը:
ՔԲԿ-ի հրապարակած հռչակագրում առաջ են քաշվել պայմաններ, որոնց հաշվի չառնման պարագայում թուրքական կառավարությանն ու պետությանը հասցեագրվում են սպռանալիքներ: ՔԲԿ-ի առաջ քաշած պահանջներն են` քրդերի հիմնական իրավունքների, գոյության ու մշակույթի ազատության ամրագրումը սահմանադրությամբ ու օրենքներով, քրդերի համար ժողովրդավարական ինքնավարության ընդունումը, մայրենի լեզվով յուրաքանչյուր աստիճանի ուսուցման ընդունումը:
Հռչակագրում նշվում է, որ սրանք քրդերի անժխտելի պայմաններն են, որոնց չկատարման դեպքում ասիմիլյացիոն քաղաքականության ու մշակութային ցեղասպանության ավարտի մասին խոսք լինել չի կարող, իսկ ԱԶԿ կառավարությունը քրդական խնդրի հետ կապված գործնական ու օրենսդրական մակարդակներում լուրջ քայլեր չի կատարել: ՔԲԿ-ն պարզ հասկացնում է, որ քրդական խնդրի լուծման և պատերազմից խուսափելու հիմնական միջոցը գտնվում է Թուրքիայի կառավարության ձեռքին:
Հրապարակված «ժողովրդավարացման փաթեթը» հիմնականում շղարշային մի քայլ էր և բովանդակային առումով ոչնինչ չտվող թե՛ քրդերին, թե՛ ալևիներին և թե՛ մյուսներին: Կարծում եմ, որ առաջիկայում իրենց հստակ պահանջներով հանդես կգան նաև ալևիները:
Էրդողանը լուրջ խնդիրների առաջ էր կանգնած՝ նույն «ժողովրդավարացման փաթեթի» հետ կապված: Մի կողմից նախընտրական այս իրավիճակում նա չէր ցանկանում զրկվել թուրքական հասարակության ազգայնական մի որոշ հատվածի աջակցությունից, մյուս կողմից էլ հասկանալով, որ նման քայլերով քրդական խնդրին լուծում չի տրվում և քրդերի հիմնական պահանջն այսօր քրդական ինքնավարությունն է և ոչինչ չի կարող փախարինել դրան: