.jpg)
Հայաստան-Բուլղարիա՝ 2:1. Շատ իրական հաղթանակ
Ավարտվեց աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումը, որում մեր տղաները կարողացան հաղթել 2:1 հաշվով` խախտելով այս մրցաշարի շրջանակներում սեփական հարկի տակ չհաղթելու տխուր ավանդույթը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջին րոպեին: Տուգանայինից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Արազ Օզբիլիսը:
2-րդ խաղակեսում հյուրերն ունեին հաշիվը հավասարեցնելու մի շարք հնարավորություններ, սակայն Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու փայլուն խաղի շնորհիվ վտանգը կասեցվեց:
Այնուամենայնիվ, բուլղար ֆուտբոլիստներին 60-րդ րոպեին հաջողվեց գրավել Հայաստանի հավաքականի դարպասը: Գոլի հեղինակ դարձավ Իվելին Պոպովը` 1:1:
Թվում էր, թե հանդիպումն այս հաշվով էլ կավարտվի, սակայն այդպես չէին կարծում մեր տղաները, ովքեր հանդիպման վերջին րոպեներին պաշարեցին մրցակցի տուգանային հրապարակն ու ի վերջո հասան հաջողության: 87-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո մեր ընտրանու հաղթական գոլը խփեց Յուրա Մովսիսյանը:
Հայաստանի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով, վաստակեց 3 միավոր և հյուրերին ապացուցեց, որ կարելի է հաղթել նաև արդար խաղով` առանց սադրանքների և խարդախությունների: