Թել Ավիվը փորձում է լարված պահել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
11/10/2013 21:53

Թել Ավիվը փորձում է լարված պահել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Իսրայելական որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով երկրի ԶՈՒ իրենց աղբյուրներին, հաղորդում են, որ հրեական պետության Պաշտպանության բանակի` ՑԱՀԱԼ-ի ՌՕՈՒ-ի տասնյակ ինքնաթիռներ Հունաստանի տարածքում տեղի ունեցող զորավարժությունների ընթացքում փորձարկել են երկար հեռավորության թռիչքների հնարավոր սցենարներ` ուղղված հատուկ հեռահարության թիրախների դեմ:

Պետք է նշել, որ այս գործողություններն իրականացվում են Ժնևում հաջորդ շաբաթվա ընթացքում ակնկալվող Արևմտյան պետությունների և Իրանի միջև վերսկսվելիք բանակցությունների նախօրեին:

Միևնույն ժամանակ ՑԱՀԱԼ-ի ՌՕՈՒ-ի պաշտոնական կայքում նշվում է. «Երբ մենք ասում ենք, որ բոլոր միջոցներն էլ ընդունելի են Իրանին կանգնեցնելու համար, նկատի ունենք նաև ռազմական տարբերակը»:

Իսկ ավելի վաղ եվրոպական մի շարք ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ընթացքում Իսրայելի Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդես էր եկել նախազգուշական հայտարարություններով` կոչ անելով միջազգային հանրությանը չխաբնվել Թեհրանի «քաղցր խոսքերին», շարունակել ճնշում գործադրել իրանական վարչակարգի վրա և ոչ մի կերպ չթուլացնել պատժամիջոցները:

Պետք է նշել, որ Հասան Ռոուհանիի կողմից ԻԻՀ Նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո սկիզբ առած Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը բավականին կոշտ արձագանքի է արժանանում Իսրայելում. այս երկրի ԶԼՄ-ներում վերջին շրջանում առավել հաճախ են սկսել խոսել Իրանից օրեցօր ավելի ուժգնացող սպառնալիքների մասին, առավել ակտիվ են սկսել քննադատել Վաշինգտոնին և մասնավորպես Բարաք Օբամային` Իրանի հարցում որդեգրած փափուկ և զիջողական դիրքորոշման համար: Անգամ շրջանառության մեջ են դրվել Թել Ավիվի և Պարսից ծոցի արաբական միապետությունների, մասնավորապես` Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի միջև տարածաշրջանային նոր դաշինքի ձևավորման թեզերի և այդ ուղղությամբ իրականացվող կոնկրետ քողարկված քայլերի մասին` Իրանի դեմ տարածաշրջանային լուրջ հակակշիռ ստեղծելու նպատակով:

Փաստորեն, ստացվում է այնպես, որ Իսրայելը փորձում է ամեն կերպ լարված պահել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, առնվազն չթուլացնել Իրանի տարածաշրջանային «հակառակորդների» և «մրցակիցների» զգոնությունն, անել ամեն հնարավորը` Թեհրանի նկատմամբ ռազմական ուժի կիրառման հնարավորությունը օրակարգում պահելու համար:

Չի բացառվում, որ սա նաև Արևմուտքի հետ կանխավ համաձայնեցված սցենար է, և ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման հնարավորությանը զուգընթաց փորձ է արվում քաղաքական ճանապարհով և ավելի կարճ ժամանակահատվածում հասնել Իրանի միջուկային հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Իհարկե, նման սցենարի լիակատար արդյունավետության մասին խոսելը դեռ բավական վաղ է` հատկապես Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի պայմաններում: 

Թել Ավիվը փորձում է լարված պահել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը