.jpg)
Արման Ինջիղուլյան. Հակոբը դժվար թե ինքնակամ ցանկանար երրորդ երկիր գնալ
Այսօր ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի աշխատակիցները հանդիպել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատների հետ: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Հակոբի հորեղբորորդի Արման Ինջիղուլյանը.
«Կարմիր խաչի միջոցով նամակներ փոխանակեցինք: Հակոբից եկած նամակում նա գրում էր, որ լավ է, ամեն բան կարգին է: Ձեռագիրն էլ Հակոբինն էր»,- ասաց Արման Ինջիղուլյանն ու ավելացրեց.
«Նամակում ոչ մի խոսք չկար նրա` երրորդ երկիր տեղափոխվելու ցանկության մասին: Նամակերի փոխանակումից հետո մեզ հետ զրույցում Կարմիր խաչի աշխատակիցներն ասացին, որ երբ Հակոբի մոտ էին` նա բանավոր հայտնել է երրորդ երկիր գնալու ցանկություն: Միաժամանակ Կարմիր խաչում մեզ ասացին, որ գործընթացը կարող է տևել բավականին երկար` մոտ մեկ տարի ու ոչ մի վերջնական բան չկա: Հակոբը եթե միտքը փոխի, անգամ երրորդ երկիր գնալու ճանապարհին կարող է վերադառնալ Հայաստան»,- ասաց Արման Ինջիղուլյանը:
Արմանի կարծիքով, սակայն, Հակոբ Ինջիղուլյանն ինքնակամ դժվար թե ցանկանար երրորդ երկիր գնալ.
«Եղբորս լավ եմ ճանաչում ու գիտեմ` եթե նա ընտրելու լիներ, հաստատ կգար Հայաստան»:
Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում էր հայտնվել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Նախնական վարկածով` հայ զինծառայողը չի կողմնորոշվել տեղանքում:
Նախորդող հրապարակում` ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերու ընտանիքին