ՏՏ ոլորտի մասնագետները մտահոգ են. Ո՞վ է երաշխավորելու թոշակների գումարը
15/10/2013 19:18

ՏՏ ոլորտի մասնագետները մտահոգ են. Ո՞վ է երաշխավորելու թոշակների գումարը

2014 թ-ից գործարկվում է կեսնաթոշակային նոր բազմաստիճան համակարգ, ըստ որի 1974 թ-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիները թոշակային տարիքի անցնելուց ոչ թե թոշակ են ստանալու բաշխողական կամ սերունդների համերաշխության սկզբունքով, այլ` որքան կուտակել են աշխատանքային տարիներին. Պետությունը երաշխավորում է կուտակային վճարների վերադրաձը` հաշվի առնելով տարեկան գնաճով:

Ըստ նոր համակարգի, եթե աշխատավարձը չի գերազանցում 500 000 դրամը, ապա աշխատողը կուտակում է յուրաքանչյուր ամիս աշխատավարձի 5 տոկոսի չափով,  նույնքան գումար էլ ապագա թոշակառույի հաշվին ուղարկում է հայրնեի պետությունը: Եթե աշխատավարձը գերազանցում է 500 000 դրամը, ապա աշխատողն ու պետությունը թոշակային հաշվին փոխանցում են 10-ական տոկոս:

Կվերադառնա՞ն արդյոք կուտակված գումարները սահմանված չափով և նշված ժամանակահատվածում: Վստահության խնդրին առնչվում են նաև ՏՏ ոլորտի աշխատակիցները. ոլորտ որտեղ աշխատավարձերը անհամեմատ բարձր են միջին հանրապետական ցուցանիշներից:

Aysor.am-ի հետ իր մտահոգություններն ամբողջացրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա նշեց, որ ոլորտում դեռևս նոր կենսաթոշակային համակարգի հանդեպ միասնական կարծիք չկա, դեռևս ցանկանում են հասկանալ համակարգը:

Ոլորտում աշխատավարձերը բարձր են՝ շուրջ 500 հազար դրամ, որից 10 տոկոս ամեն ամիս փոխանցելու մի ֆոնդ, որտեղից գումարները ստանալու են միայն  63 տարեկանից հետո, իսկ ոլորտում հիմնականում երիտասարդ կադրեր են` մինչև 40 տարեկան:

Նա ընդգծեց, որ անհավատության կա, քանի որ չեն հավատում, որ այն գումարները, որոնք հավաքվելու են կենսաթոշակային հիմնադրամներում, կմնան տարիներով:

Բացի դրանից, օտարեկրյա ընկերությունների տեղական մասնաճյուղերի ղեկավարները ևս խնդիրներ կարող են ունենալ, քանի որ, հաշվի առնելով հետագա գումարի նկատմամբ եղած անվստահությունը, աշխատողը ղեկավարից կարող է պահանջել  կենսաթոշակային ֆոնդերին փոխանցվող գումարի չափով  հավելավճար, իսկ մայր ընկերությունից հաստատ կմերժեն:

Կարեն Վարդանյանը վստահության ցուցիչ է դիտարկում այն, որ ոլորտի կուտակած գումարները ուղղվեն հենց ոլորտի ծրագրերին, սակայն կրթական կամ վենչուրային ծրագրերը բավականին ռիսկային են, բայց եթե այդպես լինի, գուցե վստահությունը կստեղվի:

Նա նաև շեշտեց, որ կան հաշվապահական ձևակերպումների խնդիրներ, որոնք լուծված չեն, իսկ այդ խնդիրները հունվարից բարձրանալու են: Միասնական մոտեցումներ ձևավորելու համար նա գտնում է, որ ոլորտը պետք է համախմբվի և ձևավորվի աշխատողների արհմիություն, որը կպաշտպանի և հետևողական կլինի աշխատողների շահերի հարցում:

Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի (PRIP) ղեկավար Արտակ Ղազարյանն ի պատասխան ՏՏ ոլորտի դիտարկումներին Aysor.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ նոր կենսաթոշակային համակարգի նկատմամբ անվստահության խնդիրը ոչ միայն ՏՏ ոլորտի մոտ է. «Ցանկացած բարեփոխում միանշանակ մարդկանց մոտ մտահոգությունների տեղիք է տալիս»:

Նա կարևորեց մարդկանց շրջանում իրազեկվածության բարձրացումը և համապատասախան գիտելիքների տրամադրումը. «Նոր կենսաթոշակային համակարգը շատ բարդ համակարգ է, և մարդիկ որպեսզի կարողանան ճիշտ կողմնորոշվել նոր կենսաթոշակային համակարգում, որտեղ լինելու են նոր ծառայություններ, պետք է տիրապետեն այդ գիտելիքներին և կարողանան ճիշտ օգտագործեն»:

Ա. Ղազարյանը մատնանշեց կենսաթոշակային համակարգի ևս մեկ առանձնահատկություն. գործատուների համար կան հարկային արտոնություններ, կենսաթոշակային սխեմաներին գործատուների մասնակցություն ապահովման դեպքում` նրանք օգտվելու են շահութահարկի գծով լուրջ արտոնություններից: «Այլ հարց է, որ կարողանանք ոլորտը համախմբենք, այդ արտոնությունները իրականություն դարձնեք»:

Այստեղ նա տեսնում է ՏՏ ոլորտի համախմբածության խնդիրը. քանի որ գումարները կուտակվելու են ֆոնդերում և կարող են իրացվել ներդրումային ծրագրերում, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կարող են համախմբել և աշխատել արդեն 2014թ-ի հունվարից գործող կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչների հետ` առաջարկելով ներդրումային ծրագրեր, գումարները ուղղելով հենց ՏՏ ոլորտ, որը կբերի ՏՏ ոլորտում լուրջ ներդրումների` կազդի ոլորտի զարգացման վրա, կստեղծվի աշխատատեղեր, աշխատավարձերի բարձրացում կլինի:

«Կարևորը, որ հիմա կենսաթոշակային համակարգը գործարկվի, ես անուղղելի լավատես եմ»,- ընդգծեց Արտակ Ղազարյանը:
 

ՏՏ ոլորտի մասնագետները մտահոգ են. Ո՞վ է երաշխավորելու թոշակների գումարը