Կոստանյանն իր դիրքորոշումը հայտնել է, տվյալ թեման համարվում է սպառված
15/10/2013 19:46

Կոստանյանն իր դիրքորոշումը հայտնել է, տվյալ թեման համարվում է սպառված

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև հեռակապը դեռ շարունակվում է: Այս անգամ պատասխանելու հերթը դատախազությանն է:

«ԱԺ պատգամավոր Ն.Փաշինյանի գրասենյակը տարածել է հաղորդագրություն` «Ի պատասխան ՀՀ դատախազության» վերտառությամբ, որտեղ կրկին պնդելով, որ հրապարակային քննարկումն իրենք ընդունում են որպես միայն ուղիղ եթերով բանավեճի հրավեր, այն հիմնավորում են` հղում կատարելով ականավոր լեզվաբան Է.Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան» աշխատությանը, ըստ որի` «Հրապարակային նշանակում է հասարակության ներկայությամբ կատարվող` տեղի ունեցող, բոլոր ցանկացողների համար նախատեսված, բաց»:

Հարգելով պարոն Փաշինյանի` իր կարծիքի ազատ արտահայտման իրավունքը, ցանկանում ենք նշել, որ, այնուամենայնիվ, հրապարակային քննարկում չի նշանակում միայն ուղիղ եթերում բանավիճել:

Հրապարակայնությունը, պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում, առավել ևս կոնկրետ դեպքում, երբ խոսքը վերաբերում է քրեական գործի հանգամանքների քննարկմանը, կարգավորվում է օրենքով, նորմատիվ ակտերով, նախադեպային իրավունքով և միջազգային կոնվենցիաներով:

Պարոն Կոստանյանը ԱԺ-ի` իր ելույթում ուղղակիորեն հայտարարեց. «Պատրաստ եմ մասնագիտական դաշտում հրապարակային քննարկման ցանկացած անձի հետ»:

Այսինքն` խոսքը բանասիրական, քաղաքական, գիտական խնդիրներին չի վերաբերում, այլ մասնագիտական դաշտում քրեական գործի հանգամանքների հրապարակային քննարկման մասին է: Տվյալ պարագայում հրապարակային քննարկումը կարող է դրսևորվել` համաձայն ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման` ինչպես տպագրության միջոցով, զանգվածային լրատվամիջոցների տարածմամբ, ռադիոյի կամ հեռուստատեսությամբ հեռարձակմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, այնպես էլ. «...որևէ այլ կերպ` թեկուզ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով» /Թաթուլ Մանասերյանն ընդդեմ Սկիզբ «Մեդիա Կենտրոն»ՍՊԸ-ի/:

Հարկ ենք համարում նաև նշել, որ Է.Աղայանի «Արդի Հայերենի Բացատրական Բառարանում» «Հրապարակ-այնություն, Հրապարակ-ային, Հրապարակ-ապես, Հրապարակ-ել» բառերի մեկնաբանություններում, որոնց հիմքը, արմատը ՀՐԱՊԱՐԱԿ բառն է, նաև նշված է «Հրապարակ հանել, լուր տարածել, հռչակել, պաշտոնեապես տարածել հրատարակության միջոցով, տպագրվածը տարածել հասարակության մեջ, տպագրությամբ բոլորին տեղյակ պահել...» և այլն:

ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանն արդեն իսկ հայտարարել է իր դիրքորոշումը, ինչը մանրամասն ներկայացված է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ և տվյալ թեման այսքանով համարում է սպառված»,- ասված է դատախազության լրատվական ծառայություն տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդող հրապարակումներ` Կոստանյանը` Փաշինյանին. Հրապարակային քննարկումը միայն ուղիղ եթերը չէ

Փաշինյանն ընդունեց Կոստանյանի հետ ուղիղ եթերում բանավիճելու առաջարկը

Նիկոլ Փաշինյան. Եթե պարոն Կոստանյանը փոշմանել է, թող ասի ուղիղ 

Կոստանյանն իր դիրքորոշումը հայտնել է, տվյալ թեման համարվում է սպառված