.jpg)
Իրանի և «վեցյակ» երկրների հանդիպումը Ռուհանիի առաջին «փորձությունը» կլինի
Հոկտեմբերի 15-16-ին Ժնևում շարունակվելու է բանակցային գործընթացն Իրանի և «վեցյակ» երկրների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Գերմանիա) միջև, որի գլխավոր նպատակը Իրանի միջուկային հիմնախնդրի լուծման ուղիներ գտնելն է:
Այդ բանակցություններն առաջինն են ԻԻՀ նախագահ Ռուհանիի ձևավորած կառավարության պրակտիկայում, ուստի նաև վերջինիս առաջին «փորձությունը»՝ ապացուցելու բարեփոխական գաղափարների կենսունակությունը և ԻԻՀ-ի կառավարության սկզբունքայնությունը` խոսքը գործ դարձնելու տեսանկյունից:
Թեև Իրանի այս՝ 11-րդ կառավարությունը քանիցս դրսևորել է վճռականություն, ցույց տալով համաշխարհային հանրությանը, որ ի տարբերություն նախորդ կառավարության, կառչած չէ «ժխտման» քաղաքականությունից և պատրաստ է համագործակցության, սակայն այժմ Իրանի նոր կառավարության և նախագահ Ռուհանիի հնչեցրած հայտարուրությունների տրամաբանական «հանգրվանն» է մոտեցել, երբ անհրաժեշտ է վճռականություն դրսևորել ավելի, քան երբևէ:
Ինչու եմ հատուկ շեշտադրում իրանական, այլ ոչ թե բանակցող մյուս կողմի «վճռականությունը», քանի որ նախագահ Հ. Ռուհանին, քաջատեղյակ լինելով Իրանի միջուկային հիմնախնդրին և այդ հարցում Արևմտյան երկրների դիրքորոշմանը, որը հազիվ թե էական փոփոխությունների ենթարկված լինի ԻԻՀ-ի նախորդ նախագահի պաշտոնավարումից ի վեր, մշտապես վստահ է արտահայտվել խնդիրը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու կապակցությամբ՝ ձախողումների մեջ անուղղակիորեն, իսկ երբեմն էլ ուղղակիորեն մեղադրելով նախկին նախագահ Մ. Ահմադինեժադին և նրա թիմին: