ՌԴ-ն արգելել է թուրքական գյուղմթերքի ներկրումը, իսկ ՀՀ-ն` հակառակը
16/10/2013 14:38

ՌԴ-ն արգելել է թուրքական գյուղմթերքի ներկրումը, իսկ ՀՀ-ն` հակառակը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով ժամանակավորապես արգելվեց թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի և մթերքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Այս տարի ՀՀ գյուղնախարարի հրամանով արգելքը հանվել է, նախ պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանը և Թուրքիան անդամակցում են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և հետո, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ներդրել է ՀՀ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը և երկրում առկա են ներկրման ժամանակ սննդամթերքի ստուգման համար անհրաժեշտ գործիքակազմ ու լծակներ։

Aysor.am-ը, Հայաստան ներմուծվող թուրքական և ադրբեջանական սննդամթերքի անտանգության վերաբերյալ հարց ուղղեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանին, որին ի պատասխան ասաց, որ այսուհետ արգելվում է առանց ուղեկցող փաստաթղթերի բեռի ներմուծումը Հայաստան, մինչդեռ նախկինում առանց ուղեկցող փաստթղթերի բեռներ ներկրվում էր` ներմուծողը իրավունք ուներ միայն լաբորատոր փորձաքննության եզրակացության հիման վրա ներկրում իրականացնել: Որոշումը ծագման երկրի խնդիր չէր դնում. «Եթե հնարավորություն կա ներմուծել առանց փաստաթղթի, ապա նաև հնարավորություն կա ներմուծել Թուրքայից` եթե փաստաթուղթ չկա»:

Նա նաև փոխանցեց, որ Թուրքիան բարձր ռիսկայնություն ունեցող երկիր է և թուրքական ապրանքները ներմուծվում են բացառապես լաբորատոր փորձաքննության հիման վրա` կախված ռիսկայնության աստիճանից:

Մանրամասնեց, որ այս պահին սահմանի վրա ստուգվում է ներկրվող գյուղմթերքի մեջ նիտրատների քանակությունը: Ստուգումն իրականացվում է շուրջ մեկ ամիս, իսկ ինչ վերաբերում է գյուղմթերքում 400 պեստիցիդների քանականերին, ապա կառավարությունը միայն նախորդ նիստին է ընդունել պեստիցիդների մնացորդային քանակների մասին որոշում, որը ուժի մեջ է մտնելու որոշման ընդունումից միայն 10 օր անց: Իսկ երբ չկար օրենքը, ապա ՍԱՊԾ-ն ինչը՞ ստուգեր:

Հարցին՝ թե երկրի ներսում ինչպե՞ս է իարականցում փորձանքնույթունը, Աբրամ Բախչագուլյանի պատասխանից շատ բան չպարզվեց, հասկանալի էր միայն այն, որ ՍԱՊԾ-ն կարող է արգելել կամ չմաքսազերծել տվյալ ապրանքը և այն չի մտնի իրացման ցանց: ՍԱՊԾ նախագահը չներկայացրեց որևէ դեպք, երբ սահմանին արգելվել է թուրքական ապրանքը` ռիսկայնության պատճառով:

Կարող ենք հավելել, որ այս տարի Ռուսաստանի կառավարությունը արգելել է մրգեր և բանջարեղեն ներմուծել Թուրքիայից. ներմուծման ենթակա չեն լոլիկը, սմբուկը, կարտոֆիլը, խաղողը և կիտրոնը։

Այս որոշումն ընդունվել է թուրքական ներմուծողների՝ սանիտարահիգիենիկ չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ մրգերի ու բանջարեղենի մեջ մեծ քանակությամբ նիտրատներ և այլ կողմնակի նյութեր կան։