.jpg)
ԱԱԾ տնօրեն. Ադրբեջանը Հայաստանի և Ղարաբաղի մասին հերյուրանքներ է տարածում
«Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, այլ զբաղվում ենք հանցավորության դեմ պայքարով: Ես այդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետում, և այդ հարցին ավելի առարկայական կպատասխանի Գորիկ Գուրգենևիչը»,- այսօր Ծաղկաձորում կայացած ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանից Ղարաբաղի հասցեին մեղադրանքներ են հնչում թմրանյութերի տարանցման ուղի լինելու մեջ, ասաց ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
Իր հերթին անդրադառնալով նույն հարցին` ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը նշեց, որ գոյություն ունի այնպիսի խոսք` «Շունը հաչում է, քարավանը գնում է»: Նրա խոսքով` Հայաստանի և Ղարաբաղի մասին տարածվում են տարբեր հերյուրանքներ` մանավանդ Ղարաբաղի տարածքը տարբեր նպատակներով օգտագործելու վերաբերյալ:
Գորիկ Հակոբյանը շեշտեց, որ դա հերյուրանք է, չկա որևէ կոնկրետ ինֆորմացիա ոչ մի հատուկ ծառայության կողմից: Ըստ նրա` բացի ադրբեջանական հատուկ ծառայություններից և նրանց իշխանություններից ոչ մի երկիր ոչ մի անգամ որևէ կոնկրետ բան այդ թեմայով չի ասել:
Հիշեցնենք, որ այսօր Ծաղկաձորում մեկնարկեց ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստը: Նիստի ընթացում քննարկվեցին միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, մաքսանենգության, թմրաբիզնեսի դեմ պայքարի հետ կապված խնդիրները:
Նիստին մասնակցում են ԱՊՀ բոլոր մասնակից երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները` բացի Ադրբեջանից:
Նախորդող հրապարակումներ՝ «ԱՊՀ երկրները համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում»