.jpg)
Բազմաթիվ ահազանգերից հետո Լիճքի ջրամատակարարման խողովակաշարը փոխվեց
Տարիներ շարունակ Սյունիքի մարզի Լիճք համայնքի բնակիչների ջրամատակարարման և ոռոգման ջրի խողովակաշարի մի մասը բաղկացած էր «ասբեստ» տեսակի նյութից պատրաստված խողովակներից, ինչը սպառնում էր համայնքի բնակիչների առողջության անվտանգությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին: Այս խնդիրը մտահոգության առարկա էր դարձել դեռևս 2012 թվականին, երբ լուրը տարածվել էր զանգավածային լրատվամիջոցներում:
Բազելի կոնվենցիայի համաձայն, որն ի դեպ վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից դեռևս 1999թ., ասբեստը համարվում է թունավոր թափոն և կարող է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման պատճառ հանդիսանալ:
Մամուլի միջոցով տարածված տեղեկատվության հիման վրա` Մարդու իրավունքների պաշտպանը սկսել էր Լիճք համայնքի բնակիչների առողջության անվտանգության սպառնալիքի վերաբերյալ խնդրի քննարկումը և խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով մի շարք գրություններ էր ուղղարկել պատկան մարմիններին:
ՄԻՊ գրասենյաից հայտնում են, որ Սյունիքի մարզպետարանից պատասխանել էին, թե Սյունիքի մարզի Լիճք համայնքի խմելու ջրամատակարարման արտաքին ցանցի մի հատվածը իսկապես ասբոցեմենտյա է:
Միաժամանակ հայտնել էին, որ Լիճք համայնքի խմելու ջրամատակարարման արտաքին ցանցի ասբոցեմենտյա հատվածի փոփոխման նպատակով ընթացիկ տարում արդեն իսկ իրականացվել է շինարարական աշխատանքների գերակշռող մասը, և կապված բնակլիմայական պայմանների հետ, նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև 2013 թվականի հունիս ամիս: Ընդ որում, նշված խողովակաշարով ջուր կմատակարարվի համայնքի բնակչությանը ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման համար, որի շնորհիվ իսպառ կդադարեցվի ասբոցեմենտյա խողովակաշարով ջրամատակարարումը:
Սյունիքի մարզպետարանից հայտնել են նաև, որ համաձայն Լիճք գյուղական համայնքի ղեկավարի հաղորդման, խնդիրն արդեն լուծված է: Համայնքի խմելու ջրամատակարարման արտաքին նոր ցանցի շինարարությունը, թեև խոստացված ժամկետից բավականին ուշացումով, արդեն ավարտվել է, և 2013 թվականի սեպտեմբերի 20-ից այն շահագործվում է: