.jpg)
Ռիչարդ Կիրակոսյան. Դուռը դեպի Եվրոպա փակված է, բայց կողպված չէ
Հայաստանի համար Եվրամիության Ասոցացման համաձայնագրի չստորագրելը բաց թողնված հնարավորություն էր և ռազմավարական սխալ էր: «Արևելյան գործընկերության չորս տարիները. արդյունքներ և մարտահրավերներ» թեմայով քննարկմանը, խոսելով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, նման կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան-քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Այն, որ տվյալ որոշումը կայացվել է միանձնյա, Ռ. Կիրակոսյանը կարծում է, որ դա վկայում է հայկական կառավարման համակարգի պատասխանատվության բացը. «Սեպտեմբերի 3-ի որոշումը ազդում է ապագա սերունդների վրա: ՀՀ-ն պետք է հասկանա, որ կորցրեց և՛ հնարավորություն, և՛ հեղինակություն: Դուռը դեպի Եվրոպա փակված է, բայց կողպված չէ»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հետագա հարաբերություններին, ապա վերլուծաբանը նկատեց, որ նախորդ 4 տարվա դժվար բանակցությունների ընթացքում կան բազմաթիվ ձեռքբերումներ, որոնք, ըստ նրա, պետք է փրկել:
«Հիմա կարևորում ենք ոչ թե Ասոցացման համաձայնագիրը, այլ այն, որ Հայաստանն Արևելյան գործընկերության անդամ է»,- ասաց նա:
Քննարկմանը մասնակից «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ իր հերթին ասաց, թե Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունն ու այդ ուղղությամբ արդեն արվող ինչ-ինչ քայլերն աբսուրդ են, քանի որ, ինչպես ասաց քաղաքագետը, գործնականում, նման միություն գոյություն չունի: