Նոր տիպի պայթուցիկներ` «ալ-Կաիդային» հարող «Աշ-Շաբաբ» խմբավորման զինանոցում
17/10/2013 19:08

Նոր տիպի պայթուցիկներ` «ալ-Կաիդային» հարող «Աշ-Շաբաբ» խմբավորման զինանոցում

Հոկտեմբերի 13-ի գիշերը Լոս-Անջելոսի օդանավակայանում երկու պայթյուններ են տեղի ունեցել: Լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ որպես պայթուցիկ նյութ օգտագործվել է «չոր սառույցը», որը լցված է եղել պլաստիկ շշերի մեջ:

Օդանավակայանում զոհեր չեն գրանցվել: Նմանատիպ չպայթեցված երկու պայթուցիկներ ևս հայտնաբերվել են օդանավակայանում:

Պայթյունից անմիջապես հետո` ահաբեկչական գործողության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Հարաքաթ աշ-Շաբաբ ալ-Մուջահիդին» իսլամական խմբավորումը՝ այն մեկնաբանելով որպես պատասխան քայլ՝ ուղղված հոկտեմբերի 5-ին ամերիկյան հատուկ ստորաբաժանման կողմից սոմալիական Բարաուա քաղաքում իրականացված գործողության համար:

Ջիհադական պայքարն արդյունավետ դարձնելու համար իսլամականներն օգտագործում են զանազան հնարքներ, այդ թվում` դժվար հայտնաբերելի նյութերով բեռնված պայթուցիկներ: Չոր սառույցը, որն օգտագործվել է Լոս-Անջելոսի օդանավակայանում, նման դժվար հայտնաբերելի պայթուցիկների շարքին կարելի է դասել:

Բացի դա, չոր սառույցը օգտագործվում է սնունդը, դեղորայքը և այլ բիոլոգիական նյութեր թարմ պահելու համար, և կոնկրետ ԱՄՆ-ում թույլատրվում է չոր սառույցի որոշ չափաբաժին ձեռքի ուղեբեռով անցկացնել ինքնաթիռ: Մասնագետների կարծիքով չոր սառույցը կլանում է թթվածին՝ պատճառ դառնալով նաև ինքնաթիռում ուղևորների և օդաչուների ածխաթթու գազով թունավորման:

Վերջին շրջանում իսլամականների գործողություններում անկանխատեսելիության գործակիցն ու ահաբեկչական գործողություններում զանազան պայթուցիկների կիրառումը, կարծում եմ չպետք է զարմացնի հասարակ քաղաքացիներին, իսկ վերջիններս, ինչպես նաև իրավապահ մարմիններն ուղղակի պետք է զգոն լինեն մարդկանց զանգվածային կուտակման վայրերում ջիհադականներից եկող վտանգը չեզոքացնելու և զոհերը նվազեցնելու համար, առավել ևս՝ ջիհադականները կանգ չեն առնելու և շարունակելու են նմանատիպ միջոցներով սպառնալիքները: 

Նոր տիպի պայթուցիկներ` «ալ-Կաիդային» հարող «Աշ-Շաբաբ» խմբավորման զինանոցում