.jpg)
Մայր Աթոռ Սբ.Էջմիածինը՝ Արցախի թեմի առաջնորդին կարգալույծ անելու մասին
Արդեն երկու օր շարունակ տարբեր լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, տեղեկություններ են հրապարակում երկու հնարավոր պաշտոնանկությունների մասին, որոնք երկուսն էլ կապվում են Ամենայն հայոց կաթողիկոսի անվան հետ: Այս մասին հայտնում է galatv.am-ը:
Դրանցից առաջինը վերաբերում է Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ն. Ծատուրյանին պաշտոնանկ անելուն, իսկ երկրորդը՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանին կարգալույծ անելուն: Նրանք երկուսն էլ հարցազրույց են տվել ԳԱԼԱ-ին և օգտվել կարծիքի արտահայտման իրենց իրավունքից:
ԳԱԼԱ-ի զրուցակիցն է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
-Տեր Վահրամ, տեղեկություններ կան, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանին պաշտոնական Էջմիածինը կարգալույծ է անելու, և պատճառն այն է, որ սրբազանը հավանության է արժանացրել Զ. Բալայանի նամակը:
- Համացանցում լայնորեն տարածված այդ հոդվածը այլ կերպ չեմ կարող կոչել, քան տեղեկատվական անհեթեթություն: Կարծում եմ` հոդվածագիրը պետք է պատասխանատվության զգացում ունենա և նման մտացածին ու սադրիչ նյութերով չջանա իր հեղինակությունը հավելել: Չարամիտ է նյութի նպատակը: Որևէ մեկը Պարգև սրբազանին կարգալույծ չի արել, Սրբազան Հայրը առաջնորդական իր ծառայության մեջ է: Ինչ վերաբերում է Զ. Բալայանի նամակը հավանության արժանացնելուն կամ ոչ, ապա այդ մասին Մայր Աթոռը որևէ կեցվածք չի արտահայտել, որի համեմատ և քննվեն արտահայտվող տեսակետները: Այս առնչությամբ նշեմ, որ որևէ հոգևորականի չի արգելվում ազատորեն արտահայտել սեփական հայացքներն ու ընկալումները: Եկեղեցին, թեպետ իր գրկում միավորում է տարբեր քաղաքական հայացքներ ու աշխարհընկալումներ ունեցող հայորդիների` աշխարհական և հոգևորական, այդուհանդերձ քաղաքականությունից վեր կառույց է: Պետք չէ ջանալ Եկեղեցուն ներքաշել քաղաքականության մեջ, առավել ևս եկեղեցական կյանքը քննելիս այն դիտարկել աշխարհիկ և քաղաքական կյանքի պրիզմայով ու սկզբունքներով:
-Տեր Վահրամ, շրջանառվեց նաև այն միտքը, որ Արցախի թեմը մշտապես հակասությունների մեջ է եղել պաշտոնական Էջմիածնի հետ, և այս նամակի պատմությունը ուղղակի առիթ էր կաթողիկոսի համար՝ սրբազանին պաշտոնից հեռացնելու համար:
- Ս. Էջմիածինը որևէ հակասություն չունի և չի կարող ունենալ որևէ թեմի հետ, որովհետև յուրաքանչյուր թեմ, ուր էլ որ այն գտնվի, իր անբաժանելի մասն է կազմում և վայելում է Ս. Էջմիածնի աջակցությունն ու հոգատարությունը: Առավել ևս Արցախի թեմի պարագային որևէ նման երևույթ առկա չէ, ընդհակառակը` թեմը գտնվում է Վեհափառ Հայրապետի ուշադրության կենտրոնում, իսկ Պարգև սրբազանը, ով նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է, միշտ էլ գնահատվել է Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից իր նվիրյալ և կարևոր ծառայության համար:
- Երեկ լրատվամիջոցները անդրադարձան նաև արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Ծատուրյանի հնարավոր պաշտոնանկության խնդրին, որը ևս կապվեց կաթողիկոսի անվան հետ: Ըստ մամուլի հրապարակումների՝ կաթողիկոսին վիրավորել են Ն. Ծատուրյանի որոշ արտահայտություններ, և Վեհափառը ինքն է դիմել Սերժ Սարգսյանին՝ խնդրելով նրա «հարցերը լուծել»: Տեղեկություններ շրջանառվեցին, որ Ն. Ծատուրյանին ստիպում են հրաժարականի դիմում գրել և հեռանալ, հրաժարվել են ֆինանսավորել նաև նրա «Մոնթե» ներկայացումը:
- Գիտեք, Ամենայն հայոց կաթողիկոսի անունը շահարկելը, Վեհափառ Հայրապետին վարկաբեկելը և քարկոծելը վերջին շրջանին կարծես «սիրելի և շահավետ» զբաղմունք է դարձել որոշ շրջանակների համար: Դրդապատճառները, մեր դիտարկմամբ, տարբեր են. երբեմն մղված քաղաքական անցուդարձերից, երբեմն տեղեկատվական տեխնոլոգիաների «հմուտ աճպարարության» միջոցով հասարակությանը ապակողմնորոշելու ցանկությունից, հաճախ Հայ Եկեղեցու դեմ արտահայտվելու հաշվին սեփական ես-ը բարձրացնելու մոլուցքից և այլն: Շատերն այսօր, չնկատելով իրենց կողքին և շրջապատում կատարվող անօրենությունները, պատիվ են նկատում «քաջաբար» վարկաբեկել Հայ Եկեղեցուն և նրա հոգևորականությանը: Տուրք տալով ժամանակի հովերին և բամբասանքներին` ցավոք, կան անձեր, ովքեր վատ են արտահայտվում Եկեղեցու հասցեին, սակայն երբեք Եկեղեցին նրանց թշնամի չի դիտարկել, ընդհակառակը, ջանացել է լուսավորել, ծանոթացնել իրական Եկեղեցուն, ցույց տալ ձևավորված կարծիքի անհիմն լինելը: Ինչ վերաբերում է Նիկոլայ Ծատուրյանի պարագային, ապա ազնիվ չէ Ամենայն հայոց կաթողիկոսին նման փոքրոգություն վերագրել: Անպարկեշտություն է նաև նման ճղճիմ հանգամանքներում Նորին Սրբության անունը շահարկելը: Բազում անելիքներ ունենք և փոխարենը չպիտի սուր առնենք և ընկնենք Եկեղեցուն քննադատող նրա զավակների ետևից: Եկեղեցին պարզապես պետք չէ շփոթել պատժիչ հաստատությունների հետ: