Եվրոպառլամենտի ամոթալի աջակցությունը Ադրբեջանի ընտրություններին
17/10/2013 17:10

Եվրոպառլամենտի ամոթալի աջակցությունը Ադրբեջանի ընտրություններին

Ադրբեջանում ավարտվեցին ընտրություները, սակայն միջազգային դիտորդների կողմից տրված ԽԻՍՏ տարբեր գնահատականների քննարկումները դեռևս շարունակվում են։

Դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ-ն Ադրբեջանում անցկացված ընտրություններում ընդգծել էր բազմաթիվ խախտումներ, սակայն Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունների համատեղ հայտարարությունը եզրակացնում էր, որ Ադրբեջանում ընտրություններն անցել են «ազատ, անկախ և թափանցիկ»։

Ադրբեջանի ընտրություններին տրված գնահատականով Եվրոպական խորհրդարանի վստահելիությունը, որպես ժողովրդավարության պահապան, միանշանակ ընկավ։

ԵԱՀԿ-ն արձանագրել էր բազմաթիվ խախտումներ ընտրական գործընթացի բոլոր փուլերում՝ թեկնածուների ահաբեկում, քվեատուփերի լցոնում, լրագրողների ահաբեկում։ ԵԱՀԿ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը չկատարեց իր ավելի վաղ արված առաջարկները։

Եվրոպական խորհրդարանի 7 անդամներից կազմված դիտորդական առաքելությունը, որը ղեկավարում էր իտալացի պատգամավոր Պինո Արլաչին, ընտրությունը համարեց «ազատ, անկախ և թափանցիկ», առաջընթաց համարվեց «բաց ընտրական դեբատները» և բավարարվեց միայն ասելով՝ «բարեփոխումները դեռևս ցանկալի են»։

Պառլամենտի պաշտոնական պատվիրակության մյուս 6 անդամներն էին Ֆիլիպ Կացամարեկը՝ Լեհաստան, Յոակիմ Զելլերը՝ Գերմանիա, Եվգենի Կիրիլովը՝ Բուլղարիա, Նորիկա Նիկոլայը՝ Ռումինիա, Միլան Ցաբրնոխը՝ Չեխիա, Ֆիորելո Պրովերան՝ Իտալիա։

Սակայն պարզվում է, որ Եվրոպական խորհրդարանից դիտորդական առաքելություն է իրականացվել նաև ոչ պաշտոնական պատվիրակության կողմից, ովքեր Ստրասբուրգից մեկնել էին Ադրբեջան և չմասնակցեցին Ստրասբուրգում անցկացվող լիագումար նիստին։ European Voice-ը բացահայտել է այդ պատգամավորներից 9-ին, ովքեր ադրբաջանական իշխանական հեռուստաընկերություններով ընտրությունները որակել են դրական և արդար։

Պառլամենտի ոչ պաշտոնական պատվիրակության մեջ են եղել Քրիստինա Օջուլանդը՝ Էստոնիա, Իվո Վայգլը՝ Սլովենիա, Ալեքսանդրա Թեյնը՝ Գերմանիա, Հանու Տակուլան՝ Ֆինլանդիա, Օլեգ Վալյատոն՝ Խորվաթիա, Նիկ Գրիֆինը՝ Անգլիա, Յացեկ Վլոսովիչը՝ Լեհաստան, Սլավի Բինևը՝ Բուլղարիա և Ժիրի Մաստալկան՝ Չեխիա։

Պառլամենտականները սակայն չեն բացահայտում, թե ինչպիսի ֆինանսավորմամբ են հայտնվել Ադրբեջանում, ինչն արդեն իսկ պարզ է։

Ադրեջանին աջակցելու մոտիվացիան կարող է տարբեր լինել․քաղաքական, տնտեսական, սակայն ամենահավանականը անձնական շահն է և Ադրբեջանի հայտնի խավիարը։

Ադրբեջանն իր ողջ ֆինանսական ռեսուրսները ներդրեց, որպեսզի ընտրությունները «դիրատկվեն» ըստ իր ցանկության, որով մեծ հարված հասցրեց միջազգային կառույցների հեղինակությանը։

Սակայն ԵԽԽՎ-ն ու ԵԽ-ն չպետք է լինեն այն դիտորդական առաքելություները, որոնք կոչված են արդարացնելու ոչ ժողովրդավարական ընտրությունները, ինչը կարծես չեն գիտակցում 500մլն եվրոպայի քաղաքացիներին ներկայացնող ընտրյալները։

Որպես փաստ նշենք, որ Բրյուսելում գրանցված են ավելի քան 20 000 լոբբիստներ, որոնք առավել լավ են աշխատում, քան պառլամենտականները, քաղաքական խմբերը, քան որևէ մեկը։

ԵԽ/ԵԽԽՎ-ն դիտորդների «գնահատականը» ամբողջությամբ ստվեր է գցում Ադրբեջանում առանց այն էլ վախի մթնոլորտում աշխատող և մարդու իրավունքների ու ժողովրդավարության համար պայքարող հասարակական կազմակերպությունների և լրագրողների աշխատանքի վրա։

Հենց Եվրոպայի Խորհուրդն էր, որ ընտրություններից բառացիորեն մի քանի օր առաջ ԵԽ-ում քննարկում էր «Մարդու իրավունքները Ադրբեջանում»՝ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսի հետ միասին և ասում, որ Ադրբեջանում հնարավոր չէ անցկացնել արդար ընտրություններ։ Եվրոպական խորհրդարանն էր, որ հունիսին բանաձև ընդունեց Ադրբեջանի վերաբերյալ և մտահոգություն հայտնեց նախընտրական իրավիճակի հետ կապված։

ԵԽԽՎ-ի և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը ակնհայտ ոչ ժողովրդավարական ընտրություններին ամոթալի է և հակասում է այն արժեքներին, որոնց վրա հիմված են այդ կառույցները։
2014թ․-ին, երբ տեղի կունենան Եվրոպական խորհրդարանի նոր ընտրությունները, ԵՄ քաղաքացիները պետք է իրենց հարց տան՝ արդյոք ընտրում են իրենց ներկայացուցիչներին, որպեսզի նրանք «դակեն» ոչ արդար ընտրությունները։ Եվրոպական խորհրդարանն ու ԵԽԽՎ-ն էլ պետք է իրենց հարց տան, արդյո՞ք արժե նման դիտորդական առաքելությունների գործունեությունը, որը միայն վնասում է իրենց կազմակերպությանը։

Եվրոպական խորհրդարանը երևի թե կխուսափեր այսօրինակ խայտառակությւնից, եթե վերջնական լիներ իր նախնական դիրքորոշման մեջ և դիտորդներ չուղարկեր Ադրբեջան։

Եվրոպառլամենտի ամոթալի աջակցությունը Ադրբեջանի ընտրություններին