Իսրայելում պետծառայողներին կարգելեն սեռական կապ ունենալ գործընկերների հետ
17/10/2013 20:17

Իսրայելում պետծառայողներին կարգելեն սեռական կապ ունենալ գործընկերների հետ

Ուշագրավ օրինագիծ է քննարկման ներկայացվել Իսրայելի խորհրդարանում: Կնեսետի կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հանձնաժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Սեքսուալ ոտնձգությունների կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ, ըստ որի` խորհրդարանի պատգամավորներին, պետական ծառայողներին, հասարակական գործիչներին, արգելվում է սեքսուալ բնույթի ոչ պաշտոնական հարաբերությունները կին գործընկերների հետ, անգամ այն դեպքում, երբ  զուգընկերը դեմ չէ այդպիսի կապին:

Ներկայում Իսրայելում նման օրենք է գործում «գործատու-աշխատող» հարաբերություններում, ինչը հասկանալի է, քանի որ նման դեպքերում չեն բացառվում սեռական հարաբերությունները`  կախյալ կարգավիճակում գտնվողի կամքին հակառակ:

Ներկայացված օրինագծում մանրամասնորեն նշվում են բոլոր այն դեպքերը, որոնք կարող են ոտնձգություն համարվել պետական ծառայողների կողմից: Ընդ որում, հատուկ ընդգծվում է, որ օրինախախտներին սպառնում է քրեական հետապնդում:

Նման բնույթի քննարկումները և դրանց օրենքի ուժ շնորհելու դեպքերը նորություն չեն մերձավորարևելյան այս երկրում: Օրինակ` 2012թ. փետրվարին մարմնավաճառությունն արմատախիլ անելու նպատակով Կնեսետում մի օրինագիծ էր հաստատվել, ըստ որի` մարմնավաճառների ծառայություններից օգտվողները կարող են ազատազրկվել կես տարի ժամկետով: Այսինքն՝ հավասարապես պատժվելու են թե՛ մարմնավաճառը, թե՛ նրա հաճախորդը:

Իսրայելում պետծառայողներին կարգելեն սեռական կապ ունենալ գործընկերների հետ