Կիսակառույցներ. Ի՞նչ տույժ, տուգանք կիրառել կամ դատական գործընթաց սկսել
17/10/2013 20:10

Կիսակառույցներ. Ի՞նչ տույժ, տուգանք կիրառել կամ դատական գործընթաց սկսել

Այսօր կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2013 թ. պետբյուջեում և նախատեսված ծախսային ծրագրերի իրագործման, լրացուցիչ ֆինանսավորմամբ շարունակական օբյեկտների լիարժեք ավարտման, ժամկետների սղության պատճառով առանց ֆինանսական ապահովման մշակված և մշակվող նախագծանախահաշվային փաստաթղթերի, 2012-2013 թթ. մատուցված ծառայությունների ներկայումս ֆինանսավորման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել ավելի քան 61 մլն դրամ:

Հարցի քննարկման համատեքստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտների մոնիթորինգին և դրանք ավարտին հասցնելու անհրաժեշտության խնդրին:

«Իմաստն այն է, որ մենք մեր քաղաքացիների որոշ խմբերի սոցիալական բնակարանով ապահովելու պարտավորություն ունենք»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ  շատ ավելի մատչելի կլինի, եթե ավարտին հասցվի անավարտ շինարարությունը, այլ ոչ թե զրոյից նոր շինարարություն սկսվի. «Եթե կան այդպիսի անավարտ օբյեկտներ, ապա նպատակահարմար է դրանց վրա գումար ներդնել»:

Տ. Սարգսյանը նաև ընդգծեց, որ նույնը վերաբերում է նաև մասնավոր հատվածի անավարտ շինարարությանը. «Կան շենքեր, որոնք արդեն 10 տարուց ավելի է, ինչ անավարտ վիճակում են, և մենք չենք կարող անտարբեր նայել, թե այդ շենքերն ինչպես են քայքայվում: Արդեն պետք է որոշում կայացնենք, թե ինչ ենք անելու, եթե մասնավորը պարտավորություն է ստանձնել շենքը հասցնել ավարտին ու ավարտին չի հասցնում. դրա հետևանքով բազմաթիվ հանրային խնդիրներ են առաջանում: Այդ հարցերը պետք է քննարկել, լուծումներ առաջարկել, ի՞նչ տույժ, տուգանք կարելի է կիրառել, կամ դատական գործընթաց սկսել»‰:

Կիսակառույցներ. Ի՞նչ տույժ, տուգանք կիրառել կամ դատական գործընթաց սկսել