ԱՄՆ. Միջուկային խնդրի լուծման վերաբերյալ Իրանի նախագիծը չափազանց օգտակար էր
17/10/2013 20:41

ԱՄՆ. Միջուկային խնդրի լուծման վերաբերյալ Իրանի նախագիծը չափազանց օգտակար էր

Միջուկային խնդրի լուծման վերաբերյալ Իրանի ներկայացրած նոր նախագիծը չափազանց օգտակար էր: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեյ Քարին:

Սպիտակ տան ներկայացուցիչը, անդրադառնալով նախօրեին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) միջև կայացած հանդիպման ժամանակ միջուկային խնդրի լուծման վերաբերյալ Իրանի ներկայացրած նոր նախագծին, նշել էր, որ դա լուրջ և չափազանց օգտակար նախագիծ էր:

Հավելենք, որ Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև տեղի ունեցած հանդիպման ավարտին համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր. «Իրանի միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցած բանակցությունները անցան դրական մթնոլորտում. իրանական կողմը ներկայացրեց իր նախագիծը, որը «5+1 խմբի» կողմից մանրակրկիտ քննության կենթարկվի»:

Նկատենք, որ բանակցությունների շրջանակներում առանձին հանդիպում են ունեցել Իրանի և ԱՄՆ ԱԳ փոխնախարարները: Իրանի ԱԳ նախարարը բանակցություններին հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստակամ է Վաշինգտոնի հանդեպ բարի կամք դրսևորել, հավելելով, որ նույնը ակնկալում է նաև հակառակ կողմից:

Նշենք, որ Իրանի և «5+1 խմբի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 7-8-ը, կրկին՝ Ժնևում:

Նախորդող հրապարակում՝ Ջոն Քերի. Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ գաղտնի բանակցում ենք