.jpg)
«Կոռուպցիան Ադրբեջանում». Խադիջա Իսմայլովան միջազգային պարգևի է արժանացել
«Ազատության» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցներ Խադիջա Իսմայլովան և Նուշաբ Ֆաթուլլաևը Ադրբեջանում կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար, որում շոշափվում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունը, արժանացել են «2013 Global Shining Light» մրցանակին: Այս մասին գրում է «Ազատության» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը:
Ինչպես նշվում է հոդվածում, անմիջապես այն բանից հետո, երբ հրապարակվեցին հետազոտության արդյունքները, Իսմայլովան անանուն նամակներ սկսեց ստանալ: Նամակներում Իսմայլովային սպառնում էին, որ եթե վերջինս չդադարի իր այս գործողությունները, ապա նրան ամբողջ երկրով կխայտառակեն:
«Մեզ համար դա մեծ գնահատական է: Մենք շատ բան ենք ներդրել այդ աշխատանքի մեջ և շատ ենք տուժել: Բայց մենք շարունակելու ենք մեր հետազոտությունները, քանի որ այդ ամենը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի ժողովրդի համար»,-ասել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տնօրեն Կենան Ալիևը:
Հոդվածում նշվում է, որ «Global Shining Light» մրցանակը, որը հանձնվել է հետաքննող լրագրողների գլոբալ կոնֆերանսի ժամանակ, տրվում է այն լրագրողներին, ովքեր իրենց հետաքննություններն անցկացնում են սպառնալիքի, հարկադրման կամ դժվարին պայմաններում:
Հեղինակը հիշեցնում է, որ 2009 թվականից ի վեր «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումն արգելված է Ադրբեջանում: Չնայած դրան՝ ռադիոկայանը շարունակում է իր աշխատանքը արբանյակային կապի, ինտերնետի և սոցիալական ցանցերի միջոցով: