Տարածաշրջանային բլոգ. Մեսիջներ` ուղղված նաև Էրդողանին
18/10/2013 18:27

Տարածաշրջանային բլոգ. Մեսիջներ` ուղղված նաև Էրդողանին

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հետախուզական ոլորտի համագործակցության հարցում խնդիրներ կան: Կա՛մ այդ ոլորտում համագործակցությունը չի բավարարում ԱՄՆ-ին, կա՛մ էլ լուրջ գործընթացներ են տեղի ունենում, որոնցում Թուրքիայի որոշ գործողություններ անհանգստացնում են ամերիկյան ու իսրայելական կողմերին: Այս առումով բավական հետաքրքիր էին ամերիկյան առաջատար պարբերականների կողմից վերջին օրերին հրապարակված նյութերը, որոնց ուղղակի և անուղղակի թիրախում էր հայտնվել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը:

Օրեր առաջ ամերիկյան հեղինակավար «Wall Street Journal» պարբերականը նյութ էր հրապարակել Հ. Ֆիդանի վերաբերյալ: Դրանում որոշ ուշագրավ շեշտադրումներ կային: Մասնավորապես՝ նշվում էր, որ Ֆիդանը արտգործնախարար Ա. Դավութօղլուի հետ Սիրիայում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում Թուրքիայի քաղաքական ուղեգծի «ճարտարապետն է» և ժամանակ առ ժամանակ ամերիկյան շահերին հակընդդեմ ուղղորդվող Թուրքիայի տարածաշրջանային անվտանգության ռազմավարության հիմնական կերտողներից մեկը:

Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Ջ. Ջեֆրին ավելի հետաքրքիր դիտարկում էր կատարել Ֆիդանի վերաբերյալ` նշելով, որ նա «Մերձավոր Արևելքի նոր դեմքն է», և ԱՄՆ-ը պետք է համագործակցի նրա հետ, սակայն չպետք է մտածի «փակ աչքերով ընկերության» մասին: Եվ ահա մի քանի օր հետո` նմանատիպ մեկ այլ հրապարակմամբ է հանդես գալիս ամերիկյան «Washington Post» պարբերականը: Սրանում էլ Ֆիդանի վերաբերյալ դիտարկումներով է հանդես գալիս հայտնի Դեյվիդ Իգնատիուսը, ով 2009 թ. Դավոսի համաժողովում Էրդողանի ու Պերեսի միջև այսպես կոչված «մեկ րոպե» հայտնի դիմակայության առիթ դարձավ: Այս հրապարակման մեջ պնդվում է Թուրքիայի կողմից Իրանին հետախուզական տեղեկատվության տրամադրման մասին, որով իսրայելական հատուկ ծառայությունների գործակալների տվյալները փոխանցվել էին իրանական կողմին: Նման փաստի հրապարակայնացումն արդեն էական նշանակություն ունի:

Փաստորեն, նման հրապարակումները այսպիսի պարբերականների կողմից չեն կարող դիտվել որպես խմբագրական նախաձեռնություն և պատահական: Հստակորեն երևում է, որ ԱՄՆ-ը լուրջ խնդիրներ ունի Թուրքիայի հետ, որոնք չեն կարող բարձրաձայնվել և ուղղակի բանակցվել, ուստի սրանք յուրահատուկ մեսիջներ են, որոնց կարող են հետևել նաև հստակ գործողություններ: Սակայն չպետք է մոռանալ, որ դա պայմանավորված է ոչ միայն ԱՄՆ-Թուրքիա, այլև ԱՄՆ-Թուրքիա-Իսրայել գործընթացներով:

Մեկ այլ հրապարակմամբ հանդես եկավ իսրայելական «The Jewish Press» էլեկտրոնային պարբերականը` սպառնալիքներ հնչեցնելով Ֆիդանի հասցեին: Դեռ պաշտոնն ստանձնելուց հետո Ֆիդանը հայտնվեց նաև իսրայելական որոշ մեդիա շրջանակների թիրախում: Ինչ վերաբերում է Ֆիդանին, ապա նա համարվում է վարչապետ Էրդողանի ամենավստահելի մարդկանցից մեկը: Նրա նշանակումը որոշ թուրքական լրատվամիջոցներ որակեցին որպես վարչապետ Էրդողանի կողմից ԱՀԿ-ի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատմանն ուղղված քայլ: ԱՀԿ-ի ղեկավարի պաշտոնում Ֆիդանի մեկամյա գործունեության շրջանում արդեն մի շարք քեմալիստական ու ձախ ուղղվածության լրատվամիջոցներ շրջանառեցին «Intelligence online» պարբերականի հրապարակումը, ըստ որի` այդ գերատեսչությունում իրագործվել է «մաքրման» գործողություն, որի նպատակը երկար ժամանակ «հակաիսլամական ամրոց» այդ կառույցը Էրդողանի կառավարության լիակատար վերահսկողության տակ դնելն է:

Բանակի ազդեցության սահմանափակման նկատմամբ իրականացրած հաջող գործողություններից հետո Էրդողանն այժմ ցանկանում է վերահսկողություն հաստատել ԱՀԿ-ի վրա, և դա հանձնարարել է դրա ղեկավար Ֆիդանին: Իսկ տարածաշրջանային քաղաքականության հարցում Ֆիդանի դերակատարությունը բավական մեծ է, ինչը դրսևորվում է հատկապես սիրիական հակամարտության, թուրք-իսրայելական, թուրք-իրանական հարաբերությունների, թուրք-քրդական գաղտնի բանակցությունների գործընթացներում նրա դերակատարությամբ: 

Տարածաշրջանային բլոգ. Մեսիջներ` ուղղված նաև Էրդողանին