«Արարատի ստորոտին». Հայաստանը ճանաչելու և նրա մասին պատմելու մեդիաֆորում
18/10/2013 13:30

«Արարատի ստորոտին». Հայաստանը ճանաչելու և նրա մասին պատմելու մեդիաֆորում

Հոկտեմբերի 17-ից 20-ը Հայաստանում անցկացվում է «Արարատի ստորոտին» խորոգրով միջազգային 3-րդ մեդիաֆորումը: Մեդիաֆորումի շրջանակներում Հայաստան են ժամանել մեծ հեղինակություն վայելող ռուսաստանյան և եվրոպական երկրների ԶԼՄ-ների  36 ներկայացուցիչ:

Այսպես` մինչև կսկսվեր մեդիաֆորումը լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը նշեց, որ նման մեդիաֆորումների նպատակն է` աշխարհի համար Հայաստանն ավելի ճանաչելի և հասկանալի դարձնելը:

«Միջազգային մեդիադաշտում մեր խնդիրն է պարկեշտ և պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանը` ոչ միայն որպես պատմամշակութային արժեք կրող երկիր, այլև`  որպես սեփական ծրագրեր ունեցող, ինքնիշխան պետություն, որն անընդհատ զարգանում է»,- ասաց նա:

Նախորդ երկու ֆորումները, Ա. Սաղաթելյանի գնահատմամբ, հաջող են անցել, իսկ երրորդի ձևաչափն ավելի ընդլայնված է. «Նման ֆորումների արդյունքում մենք ստանում ենք ամենակարևորը. Այն անձինք, ովքեր հայտնի և ազդեցիկ  լրատվամիջոցներում որոշումներ են ընդունում` խմբագրեր, մեկնաբաններ և լրագրողներ, թեև ավանդական կապեր ունեն Հայաստանի հետ, բայց ավելի մատչելի, հասկանալի ենք դարձնում որպես պետություն մեր այսօրվա առօրյան, մեր երկրի որոշումները, դրանց հիմքներն ու մեր ծրագրերը»:

Ա. Սաղաթելյանը մանրամասնեց, որ նախորդ ֆորումներից հետո մասնակից լրագրողները յուրաքանրյուր լրատվամիջոցում Հայաստանի մասին մեկից ավելի հրապարակումներ են ունեցել, ինչն ապահովում է տասնյակ միլիոնավոր լսարան. «Նրանք, փաստորեն, այսկերպ որոշակի վերաբերմունք են ձևավորում այսօրվա Հայաստանի և այստեղ ապրող մարդկանց հանդեպ»:

Եվրոպայի և Ասիայի լրագրողների մեդիակոնգրեսի խորհրդի նախագահ Աշոտ Ջազոյանը, խոսելով «Արարատի ստորոտին» մեդիաֆորումի մասին, ասաց, որ նպատակներից մեկն էլ այն է, որ լրագրողները միմյանց հետ աշխատեն` անկախ սահմաններից և ազգային պատկանելությունից, իմանան, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, նրա առաջնահերթությունները և ծրագրերը:

Ա. Ջազոյանը նկատեց, որ ի տարբերություն նախորդ երկու ֆորումի, որին մասնակցել է մոտ 20 լրագրող, այս մեկին մասնակցում է արդեն Ուկրաինայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Մոլդովայից, Ռուսաստանից ժամանած մոտ 40 լրագրող:

«Մեդիաֆորումի նպատակն է, որ տարբեր երկրներից լրագրողները գան և պատմեն այսօրվա Հայաստանի մասին, որ տեսնեն ու ներկայացնեն` Հայաստանը բաց է բոլորի համար, թե ինչ կարգավիճակում է գտնվում, ինչու է, ասենք, նման քաղաքականություն վարվում»,- եզրափակեց խոսքը Ա. Ջազոյանը:
 

«Արարատի ստորոտին». Հայաստանը ճանաչելու և նրա մասին պատմելու մեդիաֆորում