Ս. Խաչատրյանը վաղը կկորցնի ևս մի լծակ. Էստաֆետը տալիս են Ա. Բաղդասարյանին
18/10/2013 23:16

Ս. Խաչատրյանը վաղը կկորցնի ևս մի լծակ. Էստաֆետը տալիս են Ա. Բաղդասարյանին

Վաղը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի շենքում սպասվում է մեծ իրադարձություն` ընդ որում շենքի բովանդակության և ռազմավարության հետ որևէ առնչություն չունեցող:

Aysor.am-ի` ԱԱԽ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝  կեսօրին այստեղ հավաքված մարդիկ պիտի ընտրեն ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահին, իսկ ինչու այստեղ, քանի որ միակ անձը, ով հավակնում է փոխարինել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն է:

Պետք է նկատել, որ մարզական միջոցառումը այսքան կարևոր նշանակություն ունեցող շենքում տեղի է ունենում թերևս առաջին անգամ, պատճառը՝  ինչպես ասում են՝ «Մուհամեդը չգնաց սարի մոտ, Սարը եկավ Մուհամեդի մոտ»:

Փորձեցինք նույն աղբյուրից պարզել՝  արդյոք վաղվա արարողակարգին ներկա գտնվելո՞ւ է Սուրեն Խաչատրյանը և թե որքանով է նա «հոժարակամ հանձնվել», սակայն մեր հարցերն անպատասխան մնացին:

Իսկ ինչո՞ւ, այնուամենայնիվ, որոշվեց ֆեդերացիան փոխանցել Արթուր Բաղդասարյանին: Ինչո՞ւ այն հանձնել վերջինիս խնամքին՝ վերցնելով առնվազն 6-7 տարի նախագահող Սուրեն Խաչատրյանից. մանավանդ` մի ժամանակահատվածում, երբ Սուրեն Խաչատրյանի կյանքում ամեն ինչ, մեղմ ասած, այնքան էլ լավ չէ:

Իսկ միգուցե սա Սուրեն Խաչատրյանի դիրքերի թուլացման մասին հերթական վկայությո՞ւներից մեկն է:

Այս և այլ հարցերի պատասխանները թերևս ամենից լավ կարող է տալ հենց ինքը` Սուրեն Խաչատրյանը, իսկ մինչ այդ անդրադառնանք Արթուր Բաղդասարյանի անձի ընտրութանը ...

Առաջին հայացքից սպորտային ատլետիկ կազմվածքով աչքի չըկնող ՕԵԿ առաջնորդը, պարզվում է ունի մարզական կենսագրություն:

Ինչպես իր մերձավորներից մեկը նշեց մեզ հետ զրույցում՝ տարբեր ժամանակներում քաղաքականության մեջ մարզական վիճակում գտնվող Արթուր Բաղդասարյանը 70-ականներին զբաղվել է բռնցքամարտով, ավելին` ասում են Բաղդասարյանն ունի անգամ սպորտի վարպետի կոչում:

Փաստորեն, ԱԱԽ քարտուղարը վաղվանից կհամալրի այն օլիգարխների շարքերը, որոնք տարիներ առաջ իրար մեջ համերաշխաբար բաշխել են մարզական ֆեդերացիաների նախագահությունը:

Ինչպես երևում է, Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է իրեն պատկանող «Հայասի» կոնյակի արտադրությունից ստացվող եկամուտների մի մասը ներդնել հայրենի սպորտում: Իսկ թե ինչ կստացվի քաղաքականություն +սպորտ համադրությունից, ցայց կտա միայն ժամանակը:

Հ,Գ, ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիան արդեն որերորդ տարին սնվում է ՀՀ բյուջեից, և որքան էլ տարօրինակ թվա` մինչ օրս որևէ մարզական միջոցառում այս ֆեդերացիայի կազմակերպած մեզ հայտնի չէ: 

Ս. Խաչատրյանը վաղը կկորցնի ևս մի լծակ. Էստաֆետը տալիս են Ա. Բաղդասարյանին