Ոստիկանապետ Վովա Գասպարյանը ներկայացրել է իր նորանշանակ տեղակալներին
18/10/2013 19:24

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը ներկայացրել է իր նորանշանակ տեղակալներին

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել ՀՀ նախագահի հրամանագրերով ոստիկանության պետի տեղակալներ նշանակված Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության պետը շնորհավորել է Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոններ ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթեց աշխատանքի նոր բնագավառում:

Վլադիմիր Գասպարյանն այնուհետև ներկայացրել է ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արտակ Կարապետյանին:

ՀՀ ոստիկանապետը բարձր է գնահատել վաստակած հանգստի անցնող՝ ոստիկանության պետի տեղակալներ Սաշա Աֆյանի և Հովհաննես Հունանյանի գործունեությունը և անդրադառնալով ոստիկանության համակարգում Գլխավոր մասնագետների խումբ ստեղծելու ծրագրին՝ նշեց, որ բոլոր վաստակաշատ սպաները այդ ծրագրի իրագործումով շարունակելու են մնալ շարքում՝ իրենց հարուստ փորձը ծառայեցնելով նոր ոստիկանության ձևավորմանը:

Ոստիկանության պետն ավելացրել է, որ համակարգի նոր հերթափոխը ոչ միայն պատրաստ է կենսագործելու այդ փորձառությունը, այլև լավագույն ավանդույթների իրական ժառանգորդն է, ինչի վկայությունը ոստիկանության Սիսիանի քննչական բաժանմունքի քննիչ, ոստիկանության լեյտենատն, համակարգում ընդամենը մեկ տարի ծառայող Նարեկ Ստեփանյանի սխրանքն է:
Օրեր առաջ երիտասարդ սպան իր կյանքը վտանգելով՝ փրկել է ջրահեղձ լինող աղջնակին: Նարեկ Ստեփանյանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով արժանացել է ոստիկանության ամենաբարձր պարգևին՝ «Սխրագործության համար» մեդալի:

Հանդիպման ավարտին Սաշա Աֆյանն ու Հովհաննես Հունանյանը ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին շնորհակալություն են հայտնել իրենց վաստակի գնահատման համար և աշխատանքային հաջողություններ մաղթել ոստիկանության պետի նորանշանակ տեղակալներին:

Նախորդող հրապարակում՝ Սաշա Աֆյանը և Հովհաննես Հունանյանը ազատվել են փոխոստիկանապետի պաշտոնից
 

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը ներկայացրել է իր նորանշանակ տեղակալներին