.jpg)
«Աուտիզմի վերաբերյալ վիճակագրությանը պետք չէ միանշանակ վերաբերվել»
Աշխարհում, ըստ վիճակագրության, աուտիզմով հիվանդ է ամեն 88-րդ երեխան և այդ ցուցանիշը գնալով աճում է:
ՀՊՄՀ Հատուկ կրթության ֆակուլտետի դասախոս Գերասիմ Հարությունյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ աուտիզմի վերաբերյալ վիճակագրությունը չի կարելի միանշանական ընդունել, քանի որ աուտիզմը դեռևս լիարժեք ուսումնասիրված չէ:
«Ես անձամբ զբաղվում եմ վաղ մանկական աուտիզմի ուսումնասիրմամբ: Այժմ աշխատում եմ մի քանի երեխաների հետ, որոնց մոտ ախտորոշվել է աուտիզմ: Աուտիզմը կարող է ախտորոշվել 2.5-3 տարեկանից, երբ ձևավորվում է երեխայի խոսքը, սակայն այդ տարիքում դա ախտորոշելը շատ պատասխանատու գործ է: Ընդհանրապես, աուտիզմը որպես առանձին համախտանիշ ախտորոշվել է 1943 թ., իսկ երկար ժամանակ այն համարվել է շիզոֆրենիայի տարատեսակ»,- ասաց նա:
Գ. Հարությունյանի խոսքով` 1943 թ.-ից թեպետ անցել է 70 տարի, սակայն այժմ էլ աուտիզմի, հատկապես վաղ մանկական աուտիզմի վերաբերյալ բազմաթիվ են գիտական վեճերը: «Ես գիտեմ դեպքեր, երբ մեր երկրում երեխայի մոտ աուտիզմ է ախտորոշվել 20 րոպեում, ինչը անընդունելի է, որովհետև յուրաքանչյուր երեխա յուրահատկություններ ունի և էմոցիաների արտահայտումը կարող է սպեցիֆիկ լինել: Այդ տարքիում երեխան սկսում է խոսել և հուզական դրսևորումները, միմիկան, ժպիտը, լացը կարող է չտարբերակվել, կան երեխաներ, որոնք չեմ ասի՝ հույզեր չունեն, բայց դրսևորումները շատ աղքատ են լինում: Աուտիզմի դեպքում երեխայի միմիկան չի համապատասխանում իրավիճակին, երեխան չի արձագանքում արտաքին աշխարհի ձայներին, կա ակտիվ բառարանի բացակայություն, շարժումները կրկնվող են, պարբերական, կարող է անգամ մի քանի ժամ նույն շարժումը կատարել առանց ընդհատման, երեխան չի կարողանում հնչարտաբերել խոսքը: Երբեմն էլ երեխաների մոտ նկատվում է գերզգայականություն, թեև իմ պրակտիկայում ես ստեղծել եմ իրավիճակներ, երբ աուտիզմ ախտորոշում ունեցող երեխան առանց դեմքի արտահայտությունը փոխելու զայրացել և արձագանքել է նրան, որ ես նստել եմ օրինակ, իր աթոռին»,- ասաց նա:
Հարցին` իսկ ժառանգականությունը կարո՞ղ է լինել աուտիզմի պատճառը, Գ. Հարությունյանը ասաց. «Աուտիզմի պատճառականությունը ճշտված չէ, սակայն համարվում է, որ դա կարող է գենետիկ լինել, աուտիզմի առաջացմանը կարող են սոցիալական գործոններ նպաստել, սակայն հիմնականում նայում են մոտ հարազատների մոտ եթե կան նմանատիպ նշաններ, ենթադրում են, որ աուտիզմ կա: Սակայն աուտիզմը չի կարող ծննդյան պահին ախտորոշվել, որովհետև այդ երեխաները ծնվում են ֆիզիկապես առողջ, առանց օրգանական ախտահարումների: Աուտիզմը ախտորոշվում է վարքային նշանների հիման վրա: Երեխան կոմունկուցիայի գնում է, սակայն սպեցիֆիկ ձևով: Խնդիրն այն է, որ հնարավոր չէ հասկանալ հասկանալ այդ հիվանդության զարգացման դինամիկան, որովհետև անձամբ ես ծանոթ չեմ ասենք 25-30 տարեկան նման մեկի, ում մոտ վաղ տարիքում ախտորոշվել է աուտիզմ: Պատճառը երևի այն է, որ մեր երկրում այդ հիվանդությունը համեմատաբար վերջերս է սկսել ուսումնասիրվել»,- ասաց նա:
Գ. Հարությունյանը նշեց, որ այնքան էլ հակված չէ այն տեսակետին, որ աուտիզմով երեխաները արտասովոր տաղանդով են ծնվում:
«Աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների 70-80 %-ը մտավոր հետամնացություն ունի, սակայն նման երեխաների մոտ շատ զարգացած է մեխանիկական աշխատանքը»,- ասաց նա:
Նրա խոսքով` աուտիզմով երեխաների հետ աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել նրան, որ երեխան ինտեգրվի հասարակությանը: «Ամեն երեխայի դեպքում մեթոդիկան տարբեր է, սակայն հոգեբանի, նյարդաբանի հետ աշխատանքի շնորհիվ երեխան կարող է ինտեգրվել հասարակությանը»,- ասաց նա: