.jpg)
«Որոշ գրողներ լարեցին իրենց ձայնալարարն ու ընկան մեյդան, բայց…»
Հայաստանի գրողների միության հերթական համագումարը կայացավ: Միությունը նոր նախագահ ունի: Երեկվանից համացանցը ողողված է որակումներով արդեն ոչ միայն թեկնածուների, այլև՝ գործընթացի մասին: Փոխադարձ վիրավորանքներ են հնչել, որոշները չափից ավելի են «տաքացել», համագումարը «բազառ», իսկ սփյուռքից քվեարկող գրողներին՝ «նախիր» անվանողներ են եղել:
Քվերակությունը, ինչպես գիտեք՝ գաղտնի է, բայց բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Արտեմ Հարությունյանը Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ Միլիտոնյանի օգտին է քվեարկել, քանի որ նա արժանի թեկնածու է, լավ գիտի իր գործը, լավ գրող է, երկար տարիների աշխատանքային փորձ ունի: Հարությունյանը համաձայն չէ այն որակումներին, թե համագումարը լարված ու ոչ կոռեկտ միջավայրում է անցել. «Չէի ասի, որ լարված է անցել, գրական կրքեր, իհարկե, եղան, Հովեյանի կողմակիցները ճղճղան դուրս եկան: Որոշ գրողներ լարեցին իրենց ձայնալարերն ու ընկան մեյդան, բայց դա կարճ տևեց, գրողները սթափ մոտեցան ու ընտրվեց արժանի նախագահ»:
Արժանի նախագահից սպասելիքները Հարությունյանի համար գրողների տեղին ու դերին են վերաբերում. «Առաջիկայում սպասում եմ տեսնել Միլիտոնյանի մտահոգությունը գրողների համար: Կցանկանայի, որ նա վերջապես հստակեցներ գրողների իրական տեղն ու դերը: Շատերը կարծում են, որ եթե Գրողների միության նախագահ են, ուրեմն՝ վերջ. իրենք տաղանդավոր են ու ամեն ինչի արժանի, բայց դա այդպես չի, սա պատ շարողների խումբ չի, որ բոլորը հավասար լինեն: Իրական տաղանդները պետք է տարբերվեն, գնահատվեն ու առանձնացվեն: Կցանկանայի, որ աշխատանքը գնահատվեր, իսկ տաղանդը պաշտպանվեր: Մենք գիտենք, որ տաղանդը այսօր պաշտպանության կարիք ունի»:
Անդրադառնալով դիտարկմանը, թե երիտասարդ գրողները գրեթե չեն մասնակցել ընտրությանը և նրանց մեծ մասը չի էլ քվեարկել, Հարությունյանն ասաց, որ հստակ որակում տալ չենք կարող. «Քվեարկությունը գաղտնի է եղել, հնարավոր էլ չէ այդպես միանշանակ ասել և հետո մեր երիտասարդները մի փոքր ներփակված են իրենց աշխարհներում»,- ասաց Արտեմ Հարությունյանը՝ հավելելով, որ իր կարծիքով նախորդ տարիների հետ համեմատած, հակառակը՝ այս տարի համագումարի հանդեպ շատ ավելի մեծ հետաքրքրվածություն կար:
Ի տարբերություն իր գրչակից ընկերոջ՝ բանաստեղծ Հուսիկ Արան չցանկացավ հրապարակել, թե ում օգտին է քվեարկել, միայն ասաց, որ առաջնորդվել է իր խղճի թելադրանքով: Ըստ Հուսիկ Արայի՝ ճիշտ չէ ասել, որ գրողները իրենց մտավորականին ոչ վայել են պահել. «Մարդիկ խոսք ունեին ասելու, մեղադրել չես կարող, իհարկե, եղան տեղից արտահայտվողներ, բայց դա նորմալ է այս պարագայում: Տասնամյակներ շարունակ Գրողների միությունը մի քանի մարդու շուրջ է պտտվում, միությունը աղանդի է վերածվել, բոլորն էլ ուզում էին իրենց դիտարկումն անել»:
Հուսիկ Արային այս պահին ավելի շատ Գրողների միության վարչության հարցն է հուզում. «Վարչությունը 21 անդամ ունի. ամենաերիտասարդ անդամը Կարինե Խոդիկյանն է, ով արդեն 56 տարեկան է, պատկերացնո՞ւմ եք: Վաղը, մյուս օրը քարտուղարի ընտրություն պետք է լինի, ամեն ինչ պետք է արվի, որ գոնե քարտուղարը երիտասարդ լինի»,- ասաց նա:
Անդրադառնոլով նոր նախագահից սպասելիքներին՝ բանաստեղծն ասաց, որ գուշակություններ անել չի ուզում, բայց կցանկանար, որ Գրողների միությունը վերջապես դուրս գար ճահճից ու դադարել պտտվել «մի քանի ճռճռան անունների շուրջ»:
Երիտասարդ արձակագիր Լիլիթ Կարապետյանն ավելի հոռետես է քան իր ավագ ընկերները: Նա Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ մի ակնկալիք չունի ո՛չ միությունից, ո՛չ նոր նախագահից, որովհետև «Գրողների միության նախագահի ընտրություններով գրականության վրա որևէ ազդեցություն լինել չի կարող, ու միությունը վաղուց կորցրել է իր ազդեցությունը գրողների վրա»: Հենց այս պատճառով էլ, ըստ երիտասարդ գրողի, իր սերնդակիցները պասիվ էին. շատերը չկային, ներկաների մեծ մասն էլ չքվեարկեց:
Լիլիթ Կարապետյանի համար Միլիտոնյանի ընտրությունն անակնկալ չէր. «Ի սկզբանե նա ընտրվելու ամենաշատ հնարավորություններն ուներ»,- ասա նա ՝ հավելելով, որ միությանը մի այնպիսի մարդ է պետք, ով աշխատանքի նոր մեթոդներ կբերի:
Պատասխանելով հարցին, թե արդյոք նոր նախագահի ծրագրում այդ մեթոդները չի տեսել, երիտասարդ գրողն ասաց, որ թեկնածուների ծրագրերին ծանոթ է այնքանով, որքանով դրանց մասին գրել են ԶԼՄ-ները, թեև ավելի շատ ոչ թե ծրագրերի ու երկխոսության է ականատես եղել, այլ կռիվների ու փոխադարձ մեղադրանքների:
Հիշեցնենք, որ Գրողների միության երեկ կայացած համագումարում Միության նախագահ է ընտրվել բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: Նրա հիմնական մրցակիցը բանաստեղծ Հովիկ Հովեյանն էր: