Ալիևի վերընտրությունից հետո Բաքուն կրկին սկսեց հակառուսականություն խաղալ
22/10/2013 19:15

Ալիևի վերընտրությունից հետո Բաքուն կրկին սկսեց հակառուսականություն խաղալ

Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը հայտարարել էր, որ Ադրբեջանը նպատակահարմար չի համարում անդամակցել Եվրասիական Միությանը:

Ազիմովի այդ հայտարարությունը ժամանակային առումով հնչեցվում է այն օրերին, երբ Ռուսաստանում դատում են Մոսկվայի Բիրյուլովո շրջանի բնակիչ Եգոր Շերբակովին կանխամտածված սպանած ադրբեջանցի Օրհան Զեյնալովին, իսկ Բաքուն տվյալ դեպքի հետ կապված հակառուսական հիսթերիա է բարձրացնում:

Զեյնալովի դեպքը և ադրբեջանական կողմի չափից դուրս կտրուկ արձագանքը, մասնավորապես ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան 2 բողոքի նոտաները այդ երկրի ԱԳՆ-ին, դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ օղլիի այն խոսքերը, որ կենցաղային վեճը բարձրացվել է քաղաքական մակարդակ,  ինչպես նաև` Բաքվում ՌԴ-ի դեսպանատան մոտ հակառուսական ցույցերն ու որոշ ադրբեջանական ազգայնական կազմակերպությունների սպառնալիքները՝ ուղղված Ադրբեջանի ռուսական համայնքին, խոսում են ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա ներքին խորը հակասությունների մասին, որոնց բացահայտման համար պետք էր կոնկրետ առիթ:

Ադրբեջանական կողմը փոխարտգործնախարարի այդ հայտարարությամբ յուրահատուկ մեսիջ է ուղարկում Մոսկվային, ենթատեքստով հասկացնում, որ Բաքուն վիրավորված է այդ միջադեպի հետ կապված ու Ադրբեջանը չի պատրաստվում իր տնտեսական ապագան կապել Ռուսաստանի և նրա առաջ քաշած միության հետ:

Դեմարշի փորձ հիշեցնող այդ հայտարարության հիմքում ընկած է վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած միակողմանի արևմտամետ՝ առաջին հերթին թուրքամետ արտաքին քաղաքական դիրքորոշումը՝  ռազմա-քաղաքական, տնտեսական, մշակութային ինտեգրումը, կոոպերացիան ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, ինչպես նաև ռազմավարական հարաբերությունների հաստատումը՝ ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի հետ՝ չնայած Ադրբեջանի հարևան Իրանի անթաքույց դժգոհությանը Թել-Ավիվի հետ Բաքվի օրեցօր խորացող հարաբերություններից:

Ադրբեջանի տնտեսության հիմքը կազմող նավթագազային ոլորտը սերտորեն կապված է արևմտյան անդրազգային կազմակերպությունների հետ՝ Ադրբեջանի նավթագազային խողովակների աշխարհագրությունը՝ուղղված դեպի արևմտյան շուկաներ արդեն հուշում են այդ երկրի առաջնահերթությունները, առաջին հերթին տնտեսական:

Վերջերս Ադրբեջանը իր համաձայնությունը տվեց Շահ Դենիզ գազային հանքավայրի շահագործմանը և դեպի Արևմուտք այդ գազը ուղղելուն, ինչն արժանացավ Բրյուսելի աջակցությանը՝ ի դեմս Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզուի, ով Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն հայտարարել էր, որ Հարավային գազային միջանցքը, որի շնորհիվ ադրբեջանական գազը կուղղվի դեպի ԵՄ-ի շուկա, կյանքի կոչվելով մինչև 2019թ.-ը կապահովի ԵՄ-ի գազի պահանջարկի 10 %-ը:

Արևմուտքի համար Ադրբեջանը կասպյան և կենտրոնական ասիական ավազանից գազանավթային ռեսուրսներից օգտվելու լավագույն հենարանն է, դարպասը, որով պետք է դեպի Արևմուտք ինտեգրել Կենտրոնական Ասիայի էներգակիրներով հարուստ երկրներին՝ Տրանսկասպյան (Կասպից ծովի հատակով) գազամուղի կյանքի կոչումով:

Հակառուսական, արևմտամետ Ադրբեջանը տեղավորվում է Արևմուտքի տարածաշրջանային առաջնահերթությունների մեջ, քանի որ այդ երկրի ամբողջ էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքները նախատեսված են Կասպյան ավազանից դեպի Արևմուտք էներգակիրների արտահանման համար:

Արազ Ազիմովը իր հայտարարության մեջ խոսում է նաև այդ մասին, հայտարարելով, որ Ադրբեջանը մեծ ներդրում է ունենում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, զարգացնում է անդրազգային տրանսպորտային ուղիները:

Այսինքն, հայտարարության այդ մասը փորձ է ի ցույց դնել Ադրբեջանի այլընտրանքային հնարավորությունները՝ Եվրասիական և Մաքսային Միության անդամակցությունից հրաժարվելու հետ կապված:

Ադրբեջանը մաս է հանդիսանում նաև ՎՈՒԱՄ՝ Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա կազմակերպության, իսկ այդ կազմակերպության տրամաբանությունը և կանոնադրությունը՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությամբ, ինտեգրացիոն գործընթացներ է ենթադրում, այդ թվում, տնտեսական, առևտրային, էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում, իսկ այդ երկրներից ոչ մեկ չի տվել իր համաձայնությունը Եվրասիական Միությանը անդամակցելու հետ կապված:

Եվրասիական Միությանը չանդամակցելու հայտարարությունը հստակեցնում է Ադրբեջանի արտաքին քաղաքական, տնտեսական առաջնահերթությունը, քանի որ ՌԴ-ի հետ ընդհանուր սահման, երկաթգծային, այլ կոմունիկացիոն կապեր ունեցող երկիրը հրաժարվում է տնտեսական մեծ պոտենցիալ, մեծ շուկա և հնարավորություններ ընձեռնող միությանը անդամակցելուց, ապա դա քաղաքական, աշխարհաքաղաքական որոշում է, թելադրված Արևմուտքի հնարավոր բացասական արձագանքից՝ռուսական տնտեսական միությանը անդամակցելուն կողմ արտահայտվելու դեպքում:

Ադրբեջանում վերջերս կայացած նախագահական ընտրությունները, որոնք ըստ միջազգային դիտորդների, կազմակերպությունների և ԶԼՄ-ների դիտարկումների անցել են բազմաթիվ ընտրախախտումներով, ձայների կեղծմամբ և իրական ակտիվ մասնակցության բացակայությամբ, Արևմուտքի կողմից հստակ և խիստ քննադատությունների չարժանացան և դրա դիմաց այժմ Ադրբեջանը հանդես է գալու հակառուսական դիրքերից՝արևմտյան ուժային կենտրոնների նախագահական ընտրությունների խախտումները չնկատելու դիմաց վճարելով որոշակի գին, այս դեպքում Եվրասիական Միությանը չանդամակցելու հայտարարության հետ կապված:

 

Ալիևի վերընտրությունից հետո Բաքուն կրկին սկսեց հակառուսականություն խաղալ