.jpg)
ՀՀ ԶՈՒ հրետանավոր. Մարդկանց մի խնդրանք ունեմ` միշտ վստահեք հայ զինվորին
Մասնագիտությունը` Զինվոր. Շարքային Դավիթ Գալստյան, հրետանավոր` ականանետի-նշանառու
Օրերս ՀՀ Զինված ուժերում նշվում էր հրետանավորի օրը: Տոնին ընդառաջ ԶՈՒ զորամասերից մեկում զրուցեցինք մասնագիտությամբ հրետանավոր, ժամկետային զինծառայող շարքային Գալստյանի հետ:
«...հետո ես էլ համազգեստ հագա ու ամեն բան տեղն ընկավ»
Դավիթը ՀՀ Զինված ուժերում ծառայում է 2011թ.-ի նոյեմբերից: 40 օր էլ ու արդեն տանը կլինի, իսկ մինչ այդ` մեր այցելության պահին, զորամասի հսկիչ անցագրային կետում հերթապահ է կանգնած: Հրամանատարից Դավիթի հետ զրուցելու թույլտվություն ենք ստանում ու միաժամանակ տեղեկանում, որ շարքային Գալստյանը ոչ միայն լավ հրետանավոր է, այլև` զորամասի Ուրախների և հնարամիտների ակումբի առաջատարը (ՈՒՀԱ):
«ՈՒՀԱ-ի անդամ դառնալը մի տեսակ պատահաբար ստացվեց, ավելի լավ է զինվորական մասնագիտությունիցս, ծառայությունիցս սկսենք»,- ժպտալով ասում է Դավիթն ու միանգամից հետաքրքրվում ենք զինվորական ծառայության հետ կապված առաջին դժվարությունների մասին.
«Մեր զինվորներից շատերը միշտ ասում են, որ բանակում ամենաբարդը վաղ արթնանալն է, բայց, եթե անկեղծ, ինձ մոտ նման դժվարություն չկար: Ամենադժվարը երևի միօրինակությունն էր: Առաջին անգամ, երբ զորամաս մտա, իրար խառնվեցի բոլորի միանման հագուստից, խոսելու ոճից: Սկզբում ինձ թվում էր, թե մարդկանց ուղղակի իրարից չեմ տարբերի, կշփոթեմ, բայց հետո ես էլ համազգեստ հագա ու ամեն բան տեղն ընկավ»,- պատմում է Դավիթն ու ավելացնում, որ նույն շփոթմունքը հիմա նկատում է նորակոչիկների մոտ ու ամեն կերպ փորձում է օգնել նրանց:
.jpg)
«Սկզբում, երբ նայում ես ականանետին, քեզ թվում է` երկաթի կտոր է: Բայց երբ տիրապետում ես այդ զենքին, քեզ հպարտ ես զգում»
Մինչև ծառայությունը Դավիթը սովորել է իրավաբանի մասնագիտությամբ: Խոստանում է` վերադառնալուց հետո անպայման շարունակելու է ուսումը:
«Շատ եմ սիրում մասնագիտությունս: Եթե չսիրեի` հաստատ դա չէի ընտրի»,- ասում է նա ու միաժամանակ ավելացնում, որ իրավաբանությունից ոչ պակաս արդեն սիրում է նաև զինվորական մասնագիտությունը.
«Այստեղ ես հրետանավոր եմ, ավելի հստակ` ականանետի-նշանառու: Այսինքն` ես եմ պատասխանատու այն բանի համար, որ ականանետի ճիշտ ուղությամբ կրակի»:
Դավիթը պատմում է, որ մինչև ծառայությունը երբևէ զինվորական տեխնիկա չէր տեսել ու ականանետի հետ առաջիn «հանդիպումից» նրա մոտ հատկապես զարմանքն է տպավորվել.
«Իրոք շատ զարմացա: Նայում էի ու մտածում, որ սա ուղղակի երկաթի կտոր է` տեսնես ինչպե՞ս պիտի կրակի: Հետո ինձ ամեն բան բացատրեցին ու հիմա հպարտ եմ, որ տիրապետում եմ հենց այս զենքին»,- ասում է Դավիթը:
«Հիմնականում, դիրքեր բարձրանալուց առաջ մենք անցկացնում ենք ստուգատես, որի ժամանակ հանում ու ստուգում ենք բոլոր զենքերը: Այդ ժամանակ նորակոչիկներն իմ վիճակում են հայտնվում»,- ժպտալով պատմում է Դավիթն ու բացատրում.
«Նորակոչիկները հերթով մոտենում են ու զարմացած հարցնում են` «բա էս ի՞նչ զենք ա», «բա էս ո՞նց ու որտեղի՞ց ա կրակում»: Բացատրում ենք ամեն բան: Շատերը հարցնում են` իսկ հե՞շտ է սովորելը, դե մենք էլ մի քանի մասնագիտական գաղտնիք ենք բացահայտում ու կիսվում փորձով»:

Լուսանկարը` համացանցից
«Դիրքում կանգնած` քաղաքացիական կյանքս եմ հիշում ու բոլոր նրանց, ովքեր ինձ սպասում են…»
«Դիրքերի մասին մինչև ծառայությունս շատ էի լսել: Իմ` արդեն ծառայած ընկերներն էին պատմում ու, երբ առաջին անգամ դիրքեր բարձրացա, չեմ ստի` իսկապես վախ կար»,- պատմում է Դավիթ Գալստյանը:
«Հիշում եմ, որ հատկապես մթության մեջ միայնակ կանգնելուց էի վախենում: Ինչի մասին ասես մտածում էի, բայց ամենաշատը երևի էն միտքն էր, որ թուրքը չգա հետևից: Դրա համար առավել քան զգոն էի: Հետո արդեն սովորեցի»,- խոստովանում է Դավիթն ու ավելացնում, որ դիրքում հիմնականում իր քաղաքացիական կյանքն է հիշում, ինչն իրեն օգնում է ավելի ամուր լինել.
«Տանը եղած վերջին օրերն եմ հիշում: Թե ինչպես էին ընկերեներս ինձ բանակ ճանապարհում: Ընդհանրապես հիշում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ սպասում են»:

Ադրբեջանական բնակավայր. տեսարանը հայկական դիրքի դիտակետից
«Կոնֆլիկտներից խուսափելու համար փորձում ենք շրջանցել սուր անկյուններն ու ամեն ինչին մի փոքր հումորով նայել»
Ծառայությունն ավարտող Դավիթից հետաքրքրվում ենք` ինչպիսի՞ն է ներբանակային առօրյան ու ինչպե՞ս են տարբեր տեղերից հավաքված զինծառայողները խուսափում կոնֆլիկտային իրավիճակներից.
«Դե բոլոր մեծ կոլեկտիվներում, հատկապես տղաների կոլեկտիվներում, վեճեր լինում են: Դա քաղաքացիական կյանքում էլ է այդպես: Բայց այստեղ դու քեզ պետք է շատ ավելի զգոն ու շատ ավելի պատասխանատու պահես, քան` դրսում: Այդ պատճառով էլ հենց տեսնում ենք, որ այս կամ այն խոսակցությունը վեճի է վերածվում, փորձում ենք փոխել թեման»,- ասում է Դավիթն ու ավելացնում.
«Բանակում պետք է փորձես շրջանցել սուր անկյուններն ու առհասարակ ամեն ինչին մի փոքր հումորով նայես»:
Հենց հումորի շնորհիվ է, որ Դավիթն ունի իր երկրորդ ու էլի, կարելի է ասել զինվորական մասնագիտությունը` զորամասի ՈՒՀԱ-ի ավագն է:
«Ի դեպ մեր ակումբն այս տարի ՀՀ զորամասերի մեջ դարձավ չեմպիոն: Իրականում քաղաքացիական կյանքում ես երբեք աչքի չեմ ընկել հումորով ու, օրինակ, ընկերներիս համար իմ այս «մասնագիտությունը» զարամանալի կլիներ»,- ասում է Դավիթն ու մեր խնդրանքին ի պատասխան, ներկայացնում բանակային հումորներից մեկը.
«Դե մեր վերջին ելույթի ժամանակ մի համար էինք բեմադրել, որում ներկայացվում էր, թե ինչպես են տարբեր ազգերի սպաները իրենց զինվորներների համար աղջիկ հրավիրում պարի: Օրինակ ԱՄՆ-ում ընդունված է սպաների բոլոր հրամաններին պատասխանել` «Yes, sir !»: Մեր ներկայացման մեջ էլ այնպես էինք բեմադրել, որ սպան ու զինվորը մոտենում են աղջկան, նրան հրավիրում են պարի ու աղջիկը ձիգ կեցվացքով պատասխաում է` ` «Yes, sir !»: Ռուսների դեպքում իրավիճակը մի փոքր այլ էր, երբ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող սպան տեսնում է, որ զինվորը պարում է գեղեցիկ աղջկա հետ, ուղղակի տանում է այդ աղջկան զինվորի ձեռքից: Մեր ներկայացման մեջ պատկերել էինք նաև ադրբեջանցի սպային ու զինվորին: Այս դեպքում աղջկան պարի հրավիրելու համար սպան ձեռքը մեկնելու փոխարեն մեկնում էր կացինը, իսկ աղջկա պատասխանն ուղղակի մկկոց էր»,- ժպտալով պատմում է Դավիթը:
«Մեծացրե՛ք երեխաներ, հայոց բանակը կպաշտպանի ձեզ բոլոր իրավիճակներում»
«Մեր բոլոր քաղաքաղիներին կարող եմ միայն մի բան ասել` միշտ վստահեք հայ զինվորին»,- ասում է շարքային Գալստյանը, երբ խնդրում եմ ամփոփել զրույցը.
«Ուզում եմ, որ մարդիկ իրենց տներում հանգիստ ապրեն, ունենան ու մեծացնեն երեխաներ, քանի որ իսկապես կա հզոր բանակ, որն իրենց բոլոր իրավիճակներում կպաշտպանի: Իսկ նոր զորակոչվող տղաներին համբերություն ու ուժ եմ ցանկանում: Պիտի ասեմ որ անձամբ ինձ ծառայությունն իսկապես շատ բան տվեց: Երբ բանակ ես գալիս` դեռ երեխա ես, իսկ զորացրվելուց հետո տղամարդ ես, ով պատասխանատու է իր ամեն քայլի ու իր ընտանիքի համար»:
Նախորդող հրապարակումներ` Հետախույզ-դիպուկահար. Զինվորն ուժեղ է մարդկանցով, ովքեր իրեն հետ են սպասում
ԶՈՒ պարաշյուտիստներ. Մի թռիչքն անգամ, հզոր հարված է «պուզատիյ» համակարգին
Մասնագիտությունը` զինվոր. Մայոր Համբարձումյան. Աշխարհի ամենահզոր մարդը
ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ. Ընտանիքս ստորագրել է ինձ հավերժ սպասելու տակ