Ավտովթար Երևանում. Դերասան Երվանդ Ենգիբարյանը մահացել է
22/10/2013 10:03

Ավտովթար Երևանում. Դերասան Երվանդ Ենգիբարյանը մահացել է

Հոկտեմբերի 22-ին, ժամը 04.56-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկ­յան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրա­ժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում՝ «Վալենսիա» ՍՊԸ-ի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 27OS077 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է սյանը և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը՝ ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին (անձը չպարզված մոտ 25 տարեկան կին) և տեղափոխել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին (անձը չպարզված մոտ 30 տարեկան տղամարդ): 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: 

Վարորդ Ե. Ենգիբարյանի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով կարողացան մեքենան մասնատել, որպեսզի դին տեղափոխվի:

Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ Mercedes-ը երբ բախվել է էլեկտրասյանը, էլեկտրասյունը տապալվել էր գետնին և փակել ճանապարհը ու Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի հանձնարարականով վթարի վայր էին հրավիրել էլեկտրոցանցի աշխատակիցներին, ովքեր մեծ դժվարությամբ Mercedes-ի տակից փորձում են դուրս բերել էլեկտրասյունը:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մահացած վարորդը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր, ով նաև խաղացել էր «Սպանված աղավնի» և «Քայլ ձիով» ֆիլմերում: Նախօրեին նրա ծննդյան օրն էր եղել:

Ավտովթար Երևանում. Դերասան Երվանդ Ենգիբարյանը մահացել է