.jpg)
Վրաստանի մասին Ռասմուսենի հայտարարությունը անակնկալ չէր
Այն, որ Վրաստանը դեռ մեկ-երկու տարի հաստատ չէր դառնալու ՆԱՏՕ-ի անդամ, կարծում ենք` գիտեր նույնիսկ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Ուստի Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունն, այն մասին, որ 2014 թ-ին Վրաստանը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, անակնկալ չէր և ամենևին զարմանք չի հարուցում:
Մ. Սաակաշվիլիի` «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իշխանության տարիներին լուրջ աշխատանք էր տարվում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրման ուղղությամբ, հատկապես` քարոզչության տեսանկյունից, սակայն 2012 թ.-ի հոկտեմբերին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկրի նորընտիր իշխանությունները որոշակի փոփոխություններ կատարեցին արտաքին քաղաքական ուղղվածության մեջ, մասնավորապես` Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, որի արդյունքում, կարծես, թուլացավ, վնաս կրեց արևմտամետ կուրսի կայուն ընթացքն, ինչն էլ արտահայտվեց եվրոպական տարբեր կառույցների ղեկավարների կողմից մեկ տարվա ընթացքում պարբերաբար հնչեցված մի շարք քննադատություններով և կոչերով` կապված ներքաղաքական կյանքում ստեղծված լարված մթնոլորտի հետ, ինչպես նաև` վարչապետ Բ.Իվանիշվիլիի` ԱՄՆ և եվրոպական երկրներ պաշտոնական այցելությունների բացակայությամբ:
Իսկ, թե Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա 2015 թ-ին, 2016 թ.-ին, թե` ավելի ուշ, կախված կլինի Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից և տարածաշրջանային զարգացումներից, նաև նրանից, թե արդյոք ՆԱՏՕ-ն ցանկանո՞ւմ է, որ Վրաստանը ներկա փուլում դառնա դաշինքի անդամ, թե` ոչ: