Եվրախորհրդարանն առաջարկում է Իրանում ԵՄ մշտական ներկայացուցչություն հիմնել
22/10/2013 20:39

Եվրախորհրդարանն առաջարկում է Իրանում ԵՄ մշտական ներկայացուցչություն հիմնել

Եվրախորհրդարանը առաջարկում է Իրանում ԵՄ մշտական ներկայացուցչություն հիմնել: Այդ մասին իրանահայ համայնքի «ԱԼԻՔ» օրաթերթի հաղորդմամբ՝ հայտարարել է Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Հանս Սոբադան:

Եվրոպացի պաշտոնյան, իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցներին, նշել է. «Երկկողմ պայմանավորվածության համաձայն՝ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց պարագայում կվերանան պատժամիջոցները և կկարգավորվեն առկա խնդիրները»:

Հանս Սոբադան՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, նշել է. «Իրանը Միջին Արևելքում առանցքային դերակատարություն ունի: Ցանկանում ենք, որպեսզի տարածաշրջանում կայունություն հաստատման գործում իր դերն ունենա նաև Իրանը:

Դժբախտաբար, «Ալ-Քաիդայի» պես ահաբեկչական խմբավորումներն անապահով են դարձրել Միջին Արևելքը, հետևաբար բոլոր երկրների համագործակցությամբ պետք է պայքարել ահաբեկչության դեմ: Հաշվի առնելով լիբանանյան «Հեզբօլլահ» կազմակերպության վրա Իրանի ունեցած ազդեցությունը, հույս ունենք, որ Իրանը կնպաստի տարածաշրջանում կայունութեան հաստատման գործընթացին: Առանց Իրանի հետ խորհրդակցության, դժվար կլինի Միջին Արևելքում կարգավորել շատ հարցեր»:

Անդրադառնալով Իրանի և Եվրամիության հարաբերությունների հեռանկարին՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը հավելել է. «Մտադիր ենք Իրանում Եվրամիության մշտական գրասենեակ հիմնել: Այդ առնչությամբ առաջարկություն է արվել, որը կքննարկվի առաջիկա օրերին: Առաջարկությանը պետք է համաձայնվեն Եվրամիությունը և Իրանը: Դա Եվրախորհրդարանի, մասնավորապես՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջարկն է»: 

Եվրախորհրդարանն առաջարկում է Իրանում ԵՄ մշտական ներկայացուցչություն հիմնել