.jpg)
Զոհրաբյան. Վիլնյուսում կստորագրվի «շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ» թուղթը
ԱԺ հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն և ԵՄ ասոցացման համաձայնագրի «վտանգավորությանը»:
Պատգամավորը հայտարարեց, թե սեպտեմբերի երեքից հետո հնչեցին բազմատիվ կարծիքներ, թե Ասոցացման համաձայնագրում սուվերենության կորստի վերաբերյալ դրույթներ կային, որ վտանգավոր դրույթներ կային Ղարաբաղի մասով, թե պետք է մաքսակետեր դրվեին.
«Եղան հայտարարություններ, թե Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայանգիրը մեզ համար ձեռնտու չէր լինելու, քանի որ մեր ապրանքները դեռևս տասը տարի մրցունակ չէին լինելու դրսի շուկայում»,- ասաց նա՝ նկատելով, թե ծանոթ չէ Ասոցացման համաձայնագրին, սակայն որպես ՀՀ քաղաքացի հարց ունի իշխանություններին, թե եթե այդպես է, ինչո՞ւ էին ՀՀ իշխանությունները չորս տարի շարունակ բանակցում մի կառույցի հետ, որին ինտեգրվելով կորցնելու էինք մեր սուվերենությունը:
«Հարց է ծագում, եթե Ռուսաստանը մեզ չհրավիրեր Մաքսային միություն և Վիլնյուսում ստորագրվեր պայմանագիր, դա նշանակում էր, որ ստորագրելու էինք մեր պետական շահերին դեմ փաստաթուղթ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մինչև հիմա չեն հնչում: Հիմա խնդիր է դրված ամսի 29-ին Վիլնյուսում ինչ-որ մի թուղթ, ես չեմ ասում փաստաթուղթ, ստորագրելու հարցը՝ «և, և»-ի քաղաքականությունը ապացուցելու համար ու կարևոր չէ, թե ինչ գրված կլինի՝ «շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ»… Այդ թուղթը կստորագրվի, իսկ հարցերի պատասխանները չեն տրվի»,- հայտարարեց ԲՀԿ պատգամավորը:
Ի պատասխան ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հավաստիացրեց, որ որևէ տեղ ՀՀ շահերին դեմ թուղթ կամ փաստաթուղթ չի կարող ստորագրվել: