.jpg)
Ուրմիա լճի ցամաքելու հետևանքով Ազարբայջանը ամբողջովին կվերածվի անապատի
Ուրմիա լճի ցամաքելու հետևանքով Ազարբայջանը ամբողջովին կվերածվի անապատի: Այդ մասին իրանական «ասրիան.քոմ» կայքի հաղորդմամբ հայտարարել է Թավրիզ քաղաքի ավագանու անդամ Բեհրուզ Խամաչին:
Իրանցի պաշտոնյան, մտահոգություն հայտնելով Ուրմիա լճի ցամաքելու փաստի առնչությամբ, ասել է. «Այդ տարածաշրջանը երկրի կարևորագույն զբոսաշրջային կենտրոններից էր համարվում և տարեկան այստեղ բազմաթիվ զբոսաշրջիկներ էին այցելում: Լճի չորացման հետևանքով կկորցնենք գեղեցիկ զբոսավայրերից մեկը»:
Շարունակելով խոսքը՝ Բեհրուզ Խամաչին Իրանի պատասխանատու պաշտոնյաներին հորդորել է Ուրմիա լճի փրկությանն ուղղված որքան հնարավոր է շուտ քայլեր ձեռնարկել, հակառակ պարագայում՝ Ազարբայջանը (Իրանում Արևմտյան և Արևելյան Ատրպատական նահանգներն այդպես են կոչում) կվերածվի անապատի:
Նկատենք, որ դեռևս ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարության օրոք լճի փրկությանն ուղղված որոշակի քայլեր են ձեռնարկվել: Մասնավորապես նախատեսվում էր Արաքսի ջուրը տեղափոխել Ուրմիա, որին ընդդիմանում էր Ադրբեջանը:
Վերջերս Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Հուսեյն Բագիրովը, անդրադառնալով Իրանի՝ Արաքսից դեպի Ուրմիա լիճ ջուր տեղափոխելու նախագծին` մասնավորապես նշել էր. «Այդ ծրագիրը պետք է իրականացվի երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրերի շրջանակներում: Եթե Իրանը ցանկանում է Արաքսից ջուր վերցնել, ապա պետք է այդ հարցը համաձայնեցնի Ադրբեջանի հետ»:
Ավելի վաղ, ԻԻՀ Արևմտյան Ազարբայջանի (Արևմտյան Ատրպատական) նահանգի նահանգապետ Վահիդ Ջալալզադեն, անդրադառնալով ազարիների կողմից Ուրմիա լճի չորացման հարցը շահարկելու փաստին, մասնավորապես նշել էր. «Ադրբեջանի բնակչության մի հատված վերջին տարիներին Ուրմիա լճի չորացման առնչությամբ իր բողոքն է հայտնել, սակայն այժմ, երբ որ լճի փրկության համար պետք է Արաքս գետից ջուր վերցնել, Ադրբեջանի Հանրապետությունը ընդդիմանում է այդ նախագծին: Արաքս գետից դեպի Ուրմիա լիճ ջուր բաց թողնելու ծրագրի առնչությամբ Ադրբեջանի ունեցած բացասական դիրքորոշումը լճի փրկության ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտներից է հանդիսանում»:
Հավելենք, որ ԻԻՀ փոխնախագահ, Բնության պահպանության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեն 2012թ. օգոստոսին Հայաստան կատարած այցից հետո հայտարարել էր, որ Իրանը Հայաստանի հետ բանակցում է Ուրմիա լճի վերակենդանացման հարցի շուրջ: