Թոշակառու. Սոված օրեր եմ անցկացնում
23/10/2013 21:10

Թոշակառու. Սոված օրեր եմ անցկացնում

Արուս Գյուլամիրյանն ապրում է Մասիս քաղաքում, սեփական բնակարան կամ տուն չունի, բնակվում է վարձով, միայնակ, ունի երեք տղա, որոնք չեն կարողանում 64-ամյա կնոջն օգնել, քանի որ իրենք ևս վարձով են բնակվում և մեծ հնարավորություններ չունեն: Ամուսինը մի քանի տարի առաջ է մահացել. Բնակարանը վաղուց են կորցրել:

«Միայնակ թոշակառու եմ, 30 հազար դրամ վարձ եմ տալիս, հիմա մի քանի ամիսների վարձը կուտակվել է` չեմ կարողանում տալ: Օր է լինում, որ հաց չեմ կարողանում առնել, սոված օրեր եմ անցկացնում»,- պատմում է Արուս մայրիկը՝ հավելելով, որ տղաները իրեն օգնելու հնարավորություն չունեն: Երբեմն հարազատներն են օգնում:

Թոշակառուն դիմել է Մասիսի քաղաքապետարն, ասել են` սպասեք, կկանչենք. «Մի փոքր հող տան, դոմիկ դնեմ ապրեմ. Գոնե վարձ չեմ տա»:

Քաղաքապետարանում այնպես չեն պատասխանել, որ թոշակառուն հույս ունենա. Մասիսի քաղաքապետարան դիմել է մինչև ամուսնու մահը, նաև դրանից հետո. Ոչ մի արձագանք:

Ըստ նրա՝ անգամ օգնության փաթեթներից չեն տալիս. «Հերթագրվել եմ, մարդիկ կան շատ-շատ են ստացել, ես գնում եմ, ասում են՝ սպասի, բոլորը ստանում են, ես` չէ: Կան մարդիկ, որ կրկնակի օգնություն են ստանում: Չգիտեմ ինչն է պատճառը, որ նրանց տալիս են, ինձ չէ: Ինձ ասում են` սպասի կստանաս»:

Թոշակառուն նաև աչքի խնդիր ունի, վիրահատություն է անհրաժեշտ, սակայն 300 000 դրամ գումար չունի, որպեսզի վիրահատվի:
 

Թոշակառու. Սոված օրեր եմ անցկացնում