.jpg)
Սաֆար Աբիևի պաշտոնանկությունը Թուրքիային սիրաշահելու փորձ էր
Ադրբեջանի պաշտպանության արդեն նախկին նախարար Սաֆար Աբիևը, ով շուրջ 18 տարի այդ երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարն էր, փաստորեն, հեռացվել է իշխանական թիմից: Պաշտպանության նոր նախարար է նշանակվել Զաքիր Հասանովը, որը նախկինում ներքին զորքերի գլխավոր հրամանատարն էր:
Սպասվում է, որ նա պետք է լուրջ քայլեր ձեռնարկի բանակում արատավոր երևույթներն արմատախիլ անելու ուղղությամբ: Ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ գրում են, որ Հասանովի նշանակումը կապված է թուրքական ռազմական շրջանակների հետ, քանի որ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում գերիշխում էին լեզգիներն ու թալիշները, ինչը այնքան էլ դուր չէր գալիս Թուրքիային:
Իսկ Հասանովն, իբր, զտարյուն թյուրք է: Սա նույնպես վիճելի փաստ է, որովհետև վերջինս ծնունդով Ասթարայի շրջանից է, որտեղ բավական շատ են թալիշները: Ինչևէ, նրանից լուրջ քայլեր են սպասվում, սակայն դժվար թե նա կարողանա կարգի բերել ադրբեջանական բանակը, քանի որ ինքնին ամբողջ համակարգը հիմնված է կոռուպցիայի և հարազատ-բարեկամ-ընկեր կապերի վրա, իսկ ինքը՝ Հասանովը, նույնպես այդ համակարգի ծնունդ է: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ բանակում դեռևս ամուր դիրքեր ունի գեներալների հին գվարդիան ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիխովի գլխավորությամբ: Այնպես որ, ՊՆ ղեկավարի փոփոխությունը կապված է հիմնականում Սաֆար Աբիևի՝ հասարակության շրջանում բացասական կերպար լինելու հետ: