Դատարանից ամբաստանյալ է փախել. Նա նիստերին տարօրինակ վարքագիծ է դրսևորել
23/10/2013 18:19

Դատարանից ամբաստանյալ է փախել. Նա նիստերին տարօրինակ վարքագիծ է դրսևորել

Այսօր Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից փախուստի է դիմել ամբաստանյալ Սերոբ Մխիթարյանը:

ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով: 

Նրա փաստաբան Տիգրան Աբրահամյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը չի տեսել և մեզանից է տեղեկանում այդ մասին:

«Դատական նիստի ընթացքում նա հայտարարեց, որ խնդրում է իր մորը դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, քանի որ խնդիրներ ունի քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ, սակայն նրան տարել են կալանավորների սենյակ և ես նրան դատարանի դահլիճից դուրս բերելուց հետո չեմ տեսել»,-ասաց նա:

Հարցին՝ Ս. Մխիթարյանը ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, թե ոչ, փաստաբանը նշեց, որ ոչ:

Նշենք, որ նախկինում դատված Ս. Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009-2010թթ. ընթացքում Երևանի Տ. Մեծ պողոտայում, երեք դրվագով ապօրինի մուտք գործելով տարբեր բնակարաններ կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակություններ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերի հատկանիշներով:

Դատարանը ավելի վաղ բավարարել է Տ. Աբրահամյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալ Ս. Մխիթարյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին այն պատճառաբանությամբ, որ իր պաշտպանյալ Ս.Մխիթարյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, որոնք էլ ավելի են խորացել և չի բացառվում, որ իր պաշտպանյալի մոտ առկա հոգեկան հիվանդության հետևանքով ունակ չի եղել ճիշտ ընկալելու և գիտակցելու իր գործողությունների ու իր շրջապատում կատարվող իրադարձությունների բնույթը և նշանակությունը, դրանց վնասակարությունը և ի վիճակի չի եղել դրանք ճշտությամբ վերարտադրել, նա նախորդ դատական նիստերի ընթացքում դրսևորել է տարօրինակ վարքագիծ, չի ընկալել ընթացող պրոցեսները, նախագահող դատավորի հարցադրումներին տվել է անհեթեթ և զառանցական պատասխաններ, որոնք լուրջ կասկածներ են հարուցել վերջինիս հոգեկան հիվանդությամբ տառապելու կամ սիմուլյացիայի դիմելու մասին:

 

Դատարանից ամբաստանյալ է փախել. Նա նիստերին տարօրինակ վարքագիծ է դրսևորել