.jpg)
Մի մարդու պատմություն. Մարգո. Աստծու տվածով գոհացող կինը
Յոթը որդով սեղան նստեք. Նման օրհնանքն է բնորոշ եղել հայկական հարսանիքներում, իսկ եթե յոթ որդու փոխարեն 10 դուստրերի հե՞տ սեղան նստեն. Օրհնա՞նք է:
Բենոյի աղջիկները. Գյուղում բոլորը նրանց ճանաչում են, գյուղից դուրս էլ են ճանաչում` Բենոն հարգված մարդ էր գյուղում, առաջին էր գյուղում թաղանթապատ ջերմոցի տակ ծաղիկ աճեցրել, ջերմոցները քանդելու ժամանակ Բենոյի ջերմոցները չէին քանդել` չէին համարձակվել:
Կնոջ` Մարգոյի հետ 57 տարի էր ապրել և տասը զավակ ունեցել, բոլորն էլ աղջիկներ:
Այցելում եմ տիկին Մարգոյին, ամուսինն արդեն չկա, ինքը հիվանդ է, աղջիներից երեքն են մոտը:
Փափուկ գորգն ու տաք վարագույները ջերմացնում են աշնանային սենյակը, պատերին ևս գորգեր են, ու հիվանդի դեղերն են կողքի սեղանիկին. Գլուխը տաք փաթաթել է:
Տիկին Մարգոն դեմ չէր խոսել աղջիկների մասին և իհարկե առաջին հարցը` «Լա՞վ է 10 աղջիկ ունենալը».-. «էրեկ եկել-լցվել էին, զահլես տանում էին»,- կես կատակ-կես լուրջ ասաց նա:
Իսկ տղա կուզենայի՞ր Մարգո մայրիկ. «Աստված հա՛մ էն ա ստեղծել, հա՛մ էն. Էրկուսից էլ պետք ա` հա՛մ աղջիկ, հա՛մ տղա»,-հիվանդ աչքերը կամաց շարժում է, կոպերը թրթռում են, երևի հարցի մասին է մտածում, երևի չի ուզում այնպիսի բան ասել, որ աղջիկներին նեղացնի:
Կողքի անկողնու վրա թռչկոտում է 5-ամյա թոռնիկը, Արտյոմը գնում-գալիս տատին` պաչիկ, գնում գալիս` պաչիկ. «Տատի լավացի»,- ասում է տղան: «Պաչում ես, որ լավանա՞մ»,- հարցնում է թոռանը. Երեխան ժպտում է:
Ձեռքը կամաց զգում է վերմակի ջերմությունը, մի փոքր էլ ու շոյում է թոռանը. «Ցավը որ եկավ` ոչ մեկը ոչ մի բան չի կարա անի: Իմ տղեն ա մենակ ընձի շատ սիրում». Հազիվ հառաչում է ու համբուրում թոռանը:
«Իսկ աղջիկնե՞րը»-հարցնում եմ- «Չէ, չեն սիրում, իմ տղուն եմ սիրում, սաղ թողել-գնացել են, տղես ա մենակ իմ մոտ»:
Պարզվեց Բենոն տղա ուզում էր, երևի թե դրա համար է 10 աղջիկ ունեցել, հույսով, որ տղա կծնվի, բայց ինչպես Բենոն էր ասել «ղսմաթ չի», թեև ողջ կյանքում երբևէ չի ակնարկել, որ տղա երեխա չունեն: Սկուսուր-սկեսրայրն ևս 10 աղջիկ «շարելը» հարսին չեն հիշեցրել:
«Ինչի՞ 11-րդը չունեցաք, գուցե տղա լիներ»,- ասում եմ ես: «Բա էս ինչա՞»,- ցույց է տալիս տատի չորսբոլորը պտտվող Արտյոմին: «Հա բերիմ, չելավ էլի»,- ձեռքով անորոշ շարժում է անում, գուցե` ափսոսանքի:
Սկեսուրին գոհությամբ է հիշում. «Տանս գործերն անում էր, երեխեքին պահում էր, աշխատող կին էր, հիմա էդ հիվանդությունը իմ վրայա, ասում եմ `Գրիգոր գործ արա»: Գրիգորը փեսան է. «Իսկ ինչի՞ աղջկադ չես ասում` գործ արա»,- աղջիկը ծիծաղում է կողքից, կատակում. «Գրիգորն էլ քո հարսն է»:
«Օսանիս րոպե չունի, մինչև դպրոցից գալիս ա, գլուխը վրեն չի կայնում, հիմիկվա երեխեքը կատղած շներ են, հիմի դպրոց չկա, աղջկաս չարչարում են»,- բացատրում է նա ու թփթացնում ոտքս` հույսով՝ կհասկանամ:
Տիկին Մարգոյի համար «էն ժամանակ» լավ էր` ջահել էին. «Սաղ օրը նստում աֆտոն ֆռռում էր, կեսուրն էլ տան գործերն էր անում` լվացք-թափ»:
Մարգոն ցանկացել էր իրավաբանականում սովորել, հորեղբայրը չէր թողել, մինչև հորեղբոր մահը հիշում էր, սակայն հետո` ոչ, միայն քույրական կուրսեր է սովորել: Որոշել էր, որ բոլոր երեխաները պետք է սովորեն. «Մենակ Հասոն, Նունեն չեն սովրե, էն էլ իրանց խելքից: Նունեին ուղարկել իմ դասընթացների` սիրահարություն էր անում»:
Երբեմն ափսոսում է, որ աղջիկներին ուսման է տվել, բուժքույր աղջիկը հիմա տանջվում-չարչարվում է ու իրեն սրսկում, դեղեր նշանակում կամ ճնշումը չափում. «Ինչի՞ տվի սովրելու», բայց «Էն վախտը ասում էի, որ երեխեքիս տամ սովրելու` չմնան անտեր»:
Աղջիկների անուններն էլ ամուսիններով չեն ընտրել. «Էն վախտ Աբոն էր դնում, ոնց որ Արփիկի անունն ենք մենք դրե` տատիի անունն էր»: Աբոն բարեկամ էր, գյուղսովետում էր աշխատում:
Մեծ աղջկան ունեցել է 20 տարեկանում` 57 թվին, իսկ այդ տարիներին աղջկա համար ուշ չէ՞ր,- «Չէ, եթե չէր սովրում` շուտ էր ամուսնանում»:
«Լավ է հիվանդ ժամանակ աղջի՞կը խնամի, թե՞ հարսը»,- հարցրեցի ես: Պարզվեց՝ հարսը, աղջիկը մեղք է. «Աղջիկը որ պահում ա, սիրտդ մռմռում ա, աղջիկ շատ ա չարչարվում, հարսը էլօղլու ախչիկա»:
«էն էլ իր մոր աղջիկն ա»,- արձագանքում է մյուս աղջիկը, ինչին մայրը համաձայնում է. «Դե ասեցի, էլի»:
Աղջիկները բոլորն էլ մոտն են, մոտիկ են ամուսնացել, միայն երկուսն են Ռուսաստանում, մեկ-մեկ գնում է աղջիկներին տեսնելու: Աղջիկներից մեկն էլ է շուտով գնալու է. «Թո վաբշե էթա».- Ձեռքը թափ է տալիս՝ երևի կարոտից:
Խոսակցությունը հասավ փեսաներին` տասը փեսա: «Գո՞հ ես փեսաներից»,- չի արձագանքում, փեսան ներսում է, շեմից ներս չի գալիս:
Աղջիկը դարձյալ միջամտում է. «Մամ, ասա փեսա ունեմ՝ աշխարհը չունի, բա տանս գործը ո՞վ ա անում»,- մաման ձյան չի հանում` էէէ:
«Գրիգորը լավ տղա ա, վատը չի: Խոլոք տղա ա, ամեն օր հարցնում ա` ոնց ես, ամեն ինչ բերում ա, պակաս բան չի թողնում»,- պատմում է Մարգո տատը, բայց արդեն փեսան սենյակում չէ:
Աշխատում է աղջիկների տան ներքին գործերին չխառնվել, հնարավոր է, որ այս կամ այն դուրը չի գալիս, բայց ձայն չի հանում, որ փեսաներեի խաթրով լինի, շատ բան հաշվի չի առնում, բայց «էլօղլին մնում ա էլղօլի»:
Պարզվեց տիկին Մարգոյին ժամանակի միլիցիայի բաժանմունք էլ են տարել, այն էլ մի քանի անգամ. 70-80-ականներին, երբ ջերմոցներում ծաղիկ էին աճեցնում, տանում էին Երևան վաճառելու, այն ժամանակ դա գնահատվում էր որպես սկեպուլյացիա ու վաճառողներին տանում էին ոստիկանական բաժանմունք, այնպես որ՝ տիկին Մարգոյին էլ են տարել, երբ բացատրել են, որ իրենց ծաղիկներն են, իրենք են աճեցրել, 10 երեխա ունեն, որոնց պահել է պետք, բաց են թողել, այնքան շատ է եղել ոստիկանությունում, որ ոստիկաններից մեկի հետ ծանոթացել, հետագայում խնամիացել են:
Աղջիկը ման է գալիս՝ հերոսուհի մայր մեդալը ցույց տա, չի գտնում, ինչ-որ տեղ Մարգոն երևի կորցրել է, բայց հավաստագիրը կա, հերոսուհի մայր, 10 աղջիկ:
Աղջիկները իրար գլխի հավաքվում են Նոր տարուն, ծննդյան օրերին. Փորձում ենք հաշվել թոռներին, ծոռներին. Ինչ-որ չի ստացվում. Շատ են:
Արմատներով Մարտունուց է, խոհանոցում մի քանի հայերնի ճաշատեակ է պահպանվել` սպիտակ բանջարը, քրջիկը, որ աղջիներն էլ են եփում: Աղջիկները սիրում են մորը հիշեցնել մանկության բույրն ու համը, թեկուզ այսպես:
Երևի շատ խոսեցինք, տիկին Մարգոն հոգնեց, հրաժեշտ, ձեռքն է թափահարում: Թեև հայերս ցանկանում ենք, որ ընտանիքում տղա ծնվի, սակայն կա խորին համոզում` ոչ մի տղա աղջկան չի փոխարինի:
Նախորդող հրապարակում՝ Մի մարդու պատմություն. Մանյա. Աշխարհի մաքրությունն իր վրա վերցրած կինը