.jpg)
Տարածաշրջանային բլոգ. Հրեաները շարունակում են չվստահել Իրանին
Ամերիկացի միլիարդատեր, աշխարհի ամենահարուստ հրեան համարվող 80-ամյա Շելդոն Ադելսոնը, ով նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ընկերն է և «Իսրայելն այսօր» անվճար օրաթերթի սեփականատերը, Նյու Յորքի հնագույն և խոշարագույն հրեական համալսարանում` «Yeshiva University»-ում ունեցած դասխոսության ընթացքում կոչ է արել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային` Իրանի միջուկային ծրագիրը լուծել այդ երկրի վրա ատոմային ռումբ նետելով. ըստ հրեա գործարարի` «անիմաստ է բանակցելը և փոխզիջումների գնալը Թեհրանի հետ: Այդ հիմնախնդրի լուծման միակ իրական տարբերակը ռազմական ճանապարհն է»:
Ադելսոնի ռազմական տեսության տրամաբանությունը հետևյալն է` «Նախ Օբաման պետք է ատոմային ռումբ նետի իրանական անապատի վրա. այս դեպքում ոչ ոք չի տուժի, բացի մի քանի օձից ու կարիճներից: Իսկ դրանից հետո նա պետք է զանգահարի Թեհրան և ասի` հաջորդ ռումբը կընկնի Ձեզ վրա»:
Իր արմատական հայացքներով մշտապես աչքի ընկնող հրեա գործարարի համոզմամբ` «իրանցիները միայն մի լեզու են հասկանում` ուժի լեզուն, հենց այդ լեզվով էլ պետք է խոսել նրանց հետ»: Նրա խոսքերն արժանացել են բուռն ծափողջույնների լսարանի կողմից:
Պետք է փաստել, որ վերջին շրջանում «Իրան-Արևմուտք» հարաբերությունների բարելավման ֆոնին նման շեշտադրմամբ հայտարարություններն ու կոշտ հռետորաբանությունն առհասարակ, առավել բնորոշ են դարձել ինչպես հենց Իսրայելի տարբեր մակարդակի պաշտոնյաներին, այնպես էլ` արևմտյան պետություններում, մասնավորապես ԱՄՆ-ի հրեական համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներին: Հրեաները չեն վստահում Իրանին, նրանց կարծիքով` «այաթոլլահների վարչակարգը» «մատի վրա է խաղացնում» ամբողջ աշխարհին:
Ընդհանուր առմամբ, հրեկան կողմի նման վարքագիծն սպասելի էր. մի կողմից Իսրայելը «խանդով» է վերաբերում Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին` հասկանալով, որ այդպիսով, հնարավոր է` նվազի Թել-Ավիվի` որպես Արևմուտքի ռազմավարական դաշնակցի դերակատարությունը Մերձավոր Արևելքում, մյուս կողմից` հրեական պետությունն, այնուամենայնիվ, փորձում է ըմբռնել և «հարմարվել» տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների տրամաբանությանը` փորձելով իր ձեռքում պահել հնարավորությունների սահմաններում դրանց վրա ազդելու բոլոր լծակները: