Եվրախորհրդարանի զեկույցներն ուրվագծում են ՀՀ-ի նկատմամբ հետագա դիրքորոշումը
24/10/2013 19:25

Եվրախորհրդարանի զեկույցներն ուրվագծում են ՀՀ-ի նկատմամբ հետագա դիրքորոշումը

«Երեկ և այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստն ընդունեց երկու զեկույց՝ այլ հարցերի շարքում առաջին անգամ ուրվագծելով Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշումը այն բանից հետո, ինչ նախագահ Սարգսյանը հայտարարեց Ռուսաստանի գերիշխանությամբ Մաքսային Միությանը միանալու մասին»,- ասում է Հայաստանի Եվրոպական բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը։

«Տարօրինակ տրամադրություն կար Եվրախորհրդարանում վերջին շաբաթների ընթացքում, որպիսին ես նախկինում չէի հանդիպել: Եվրախորհրդարանի անդամները կիսում էին Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ իրենց մտահոգությունները, ինչպես նաև հիասթափությունը Ասոցացման ու ԽՀԱԱԳ մասին համաձայնագրերի շուրջ գրեթե չորս տարվա հաջող բանակցությունների, բարեփոխումների և դրանց վերջնականացման առնչությամբ», - մեկնաբանում է ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:

«Ավելին, խավիարային դիվանագիտությամբ կաշառված Եվրախորհրդարանի անդամների մի փոքր խումբ փորձեց Հայաստանին պատժելու համար օգտվել իրավիճակից՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ադրբեջանամետ ձևակերպումների հանկարծակի ներառմամբ: Ի վերջո դա բացահայտվեց, և Պինո Արլաքին՝ այս ամենի հետևում կանգնած ակնհայտ սադրիչ պատգամավորը, անգամ կարգապահական գործողությունների ենթարկվեց՝ Ադրբեջանի Նախագահական ընտրությունների դիտորդական իր զեկույցում բացահայտ իշխանամետ դիրքորոշման համար: Եվրախորհրդարանը սատարեց Հայաստանին և ընդգծեց, որ Եվրամիությունը դեռ պատրաստ է օգնել ամենաբարդ «տնային աշխատանքի» հարցում, այն է՝ ամրապնդել տնտեսությունը, կառավարումը և ժողովրդավարացման գործընթացը»:

Եվրոպական Հարևանության Քաղաքականության մասին զեկույցը, որի Արևելյան մասը մշակվել էր Յացեկ Սարյուզ Վոլսկիի կողմից, հույս է հայտնում, որ «Հայաստանը կշարունակի ԵՄ-ին վերաբերող բարեփոխումները, որոնց իրականացումը կարող է օգնել տնտեսական բարգավաճման և երկրում դեռ գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրների լուծման հարցում»: Ավելին, զեկույցը «կոչ է անում հետամուտ լինել Եվրամիության հետ համագործակցության հարցում, ինչում ԵՄ-ն պատրաստակամ է. զեկույցը ողջունում է մակրոտնտեսական հիմնավոր քաղաքականության և կառուցվածքային բարեփոխումների իրականացումը Հայաստանում և [ԵՀՔ] Գործողությունների ծրագրի նպատակների իրականացմանն ուղղված հետագա առաջընթացը»: Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող պարբերությունը, որն ի սկզբանե մշակվել էր Պինո Արլաքիի և Իվո Վայգլի կողմից՝ Ադրբեջանի նախընտրած տարրերի կիրառությամբ, մերժվեց լիագումար նիստի ժամանակ՝ կենտրոնանալով Մինսկի Խմբի առաջ քաշած Հիմնարար սկզբունքների վրա, որոնք կարևոր կետեր են պարունակում հակամարտության երկու կողմերի համար՝ ներառելով ոչ միայն զորքերի դուրս բերումը, այլև անվտանգության անհրաժեշտ երաշխիքները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և այլն:

Էլմար Բրոկի՝ Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը վերաբերող զեկույցը վերահաստատեց, որ ԵՄ-ի կողմից առաջարկվող ծրագրերը ազատ ընտրությամբ առաջարկներ են Հայաստանի նման երկրների համար, և դրանք մնում են սեղանին՝ «հիմնված լինելով ընդհանուր արժեքների ու համերաշխության վրա և ձգտելով կիսել այդ երկրների հետ [հստակորեն այդ թվում և Հայաստանի] Եվրամիության փորձի բոլոր առավելությունները`տեղաբաշխելով Economic Area Plus-ի [Ավելի ընդարձակ եվրոպական տնտեսական գոտու] շրջանակներում:

Էլմար Բրոկը, ով նաև Եվրոպա - Հայաստան խորհրդի անդամ է, նիստի ժամանակ Եվրամիության հետաքրքրությունը բացատրեց հետևյալ կերպ. «Եվրոպայի զարգացումը կախված է Հարավային և Արևելյան հարևանության զարգացումից: Եթե գոյություն ունի Հարավային և Արևելյան գործընկերություն՝ աճող ժողովրդավարությամբ, օրենքի գերակայությամբ, տնտեսական բարգավաճմամբ և ավելի լավ կենսապայմաններով, ապա դա լավագույն անվտանգության քաղաքականությունն է [ԵՄ-ի համար]»:

Նա հիշեցրեց նաև, որ Եվրոպան շատ անգամ է ցույց տվել, որ ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը պետություններին դարձնում են հաջողակ, սակայն յուրաքանչյուր երկրի կողմնորոշմանը վերաբերող որոշումները մնում են սեփական մայրաքաղաքում, «ոչ թե Մոսկվայում կամ Բրյուսելում»»: 

Նախորդող հրապարակում՝ Եվրոպական խորհրդարանի բանաձևում անդրադարձ է եղել ԼՂ հակամարտությանը

Եվրախորհրդարանի զեկույցներն ուրվագծում են ՀՀ-ի նկատմամբ հետագա դիրքորոշումը