.jpg)
«Տիգրան Սարգսյանն ԱԺ պատգամավորներին առաջարկել է ԿԲ-ում հավաքարար աշխատել»
Այս օրենքի նախագիծը բերել է մի կառավարություն, որը համարում է, որ խորհրդարանն իր կցորդն է: ԱԺ-ում «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի» օրինագծի քննարկմանն այս մասին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Իսկ ինչու է կառավարությունն այդպես համարում, Ն. Զոհրաբյանն առաջարկեց քննարկել, և այսպես. «Քանի՞ անգամ է դեպք եղել, երբ խորհրդարանական մեծամասնության հանձնաժողովները մերժեն այն նախագծերը, որը բերել է այս կառավարությունը: Քանի՞ անգամ է եղել, երբ հանձնաժողովները, որոնք գլխավորում են քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, դրական եզրակացություններ տան այն նախագծերին, որոնց վերաբերյալ կառավարությունը տվել է բացասական եզրակացություն: Ես կարող եմ հիշել նման եզակի դեպքեր: Ուստի այսօր պահանջել կառավարությունից հարգել Սահմանադրությունը, կարծում եմ ազնիվ չէ: Դեռ պիտի շնորհակալ լինենք, որ այս կառավարությունը չի դիմում Սահամանդրական բարեփոխումների հանձնաժողովին և չի ասում՝ եկեք իմ դե ֆակտո արտոնյալ կարգավիճակն ամրագրենք նաև դե յուրե»:
Շարունակելով խոսքը` ԲՀԿ պատգամավորն ասաց, թե այս նախագիծը ներկայացրել է մի կառավարություն, որի ղեկավարը Կենտրոնական բանկի նախագահ եղած ժամանակ ԱԺ ամբիոնից հրավիրում էր պատգամավորներին` աշխատելու Կենտրոնական բանկում որպես հավաքարար, որովհետև որոշ պատգամավորներ կարծիք էին հայտնել, թե ԿԲ հավաքարարներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան` ԱԺ պատգամավորը:
Պատգամավորը հարցրեց, թե արդոք անարդար չէ՞, երբ ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերը բարձրանում են աննշան, իսկ պատգամավորների, նախարարների և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը` շատ մեծ գործակցով:
«Ես ինքս չեմ կարող նայել այն գործազուրկների աչքերին, որոնց մենք երեկ ձեր քվեարկությամբ զրկեցինք 20 հազար դրամ նպաստ ստանալուց, չեմ կարողանա բացատրել, թե ինչու իմ աշխատավարձը պետք է բարձրանա 12 գործակցով, իսկ նրանցը` ընդամենը 3-4 գործակցով»,- եզրափակեց խոսքը ԲՀԿ պատգամավորը:
Նախորդող հրապարակում` «Ի՞նչ են արել Սերժ և Տիգրան Սարգսյանները, որ նրանց աշխատավարձերը բարձրանան»