.jpg)
Հանրային խորհրդը հետաձգեց «Զվարթնոցնի» շենքի մասին վերջնական որոշումը
Այսօր Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հարցը, որի վերաբերյալ մինչ այդ Հանրային խորհրդում պետք է քննարկումներ տեղի ունենան:
ՀՀ Հանրային խորհրդի մամուլի բաժնից տեղեկանում ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հարցի քննարկումը սահմանափակվել է ՀԽ անդամ, մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանի կողմից հարցին առնչվող առկա տեղեկատվության ամփոփ ներկայացմամբ, մասնավորապես՝ ՀԽ 4 ենթահանձնաժողովների քննարկումների արդյունքների, մամուլում տեղ գտած ուշագրավ հրապարակումների, ձեռք բերված փաստաթղթերի վերաբերյալ:
Խորհրդի անդամները հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու նաև հակառակ կողմի՝ Կոնցեսիոների տեսակետի հետ, որպեսզի պատկերն ամբողջական և հստակ լինի: Մինչդեռ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ՀԽ փոքր խորհրդի նիստում որոշվել էր, որ հետագա քննարկումներն առավել խորությամբ իրականացնելու, հարցի վերաբերյալ վերջնական եզրակացություն ներկայացնելու համար պետք է ուսումնասիրել նաև հարցին առնչվող բոլոր փաստաթղթերը, լսել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության առաջարկներն ու հիմնավորումները, և այդ նպատակով հոկտեմբերի 14-ին Հանրային խորհրդի կողմից պաշտոնապես դիմում էր հղվել Քաղավիացիայի գլխավոր վարչություն՝ ստանալու համապատասխան փաստաթղթերը (մաստեր պլան, Կոնցենսիոների կողմից Երևան քաղաքի ճարտարապետական հանձնաժողովին ուղղված դիմում և այլն):
Ուստի Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտել սպասել Կոնցեսիոների կողմից այդ փաստաթղթերի տրամադրմանը, որպեսզի դրանք ուսումնասիրելուց և հակառակ կողմի տեսակետը լսելուց հետո միայն վերջնական որոշում կայացնի:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության դիմումի հիման վրա Հանրային խորհրդի 4 ենթահանձնաժողովներում (քաղաքաշինության և ճարտարապետության, օդային տրանսպորտի քաղաքականության, մշակույթի, ազգային արժեքների) քննարկման էր դրվել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման կամ քանդմանը հարցը, և ենթահանձնաժողովները կառույցը քանդելու վերաբերյալ բացասական կարծիք էին տվել՝ միաժամանակ ներկայացնելով առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ:
Նախորդող հրապարակումներ՝ Զվարթնոցի կլոր շենքը քանդելը հիմարություն է
ՀԽ փոքր խորհրդի նիստում ևս դեմ են եղել «Զվարթնոցի» շենքը քանդելուն
12 մլն դրամ. «Զվարթնոցի» հին մասնաշենքը քանդելու մտադրության հիմնավորումը
Թարխանյան. Զվարթնոցի հին շենքի հարցը վերաբերում է հեղինակային իրավատերերին