Ա. Ադիբեկյան. Դատավորները նախագահից բարձր աշխատավարձ են ստանում
25/10/2013 11:38

Ա. Ադիբեկյան. Դատավորները նախագահից բարձր աշխատավարձ են ստանում

«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում աշխատավարձի նվազագույն շեմը, ինչպես նաև` սպառողական զամբյուղի չափը: Լյուքսեմբուրգում նվազագույն աշխատավարձի շեմը 1800 եվրո է, իսկ Մոլդովայում՝ 71»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով սպառողական նվազագույն զամբյուղի և նվազագույն աշխատավարձերի խնդրին, ինչպես նաև` պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հարցին, նշեց «Սոցիոմետր»  սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա նշեց, որ յուրաքանչյուր երկրի կենսամակարդակի փոփոխությանը զուգահեռ` փոփոխվում է նաև նվազագույն աշխատավարձի չափը:
«Մեր պարտնյոր ՌԴ-ում մեկ շնչին բաժին հասնող միջին եկամուտը կազմում է 111 դոլար, իսկ նվազագույն կենսամակարդակը՝ 220 է: Այսինքն` նվազագույն աշխատավարձը 2 անգամ ցածր է անհրաժեշտ նվազագույն սպառողական զամբյուղից»,- ասաց սոցիոլոգը:

Նրա խոսքով` Հայաստանում աղքատության շեմը մոտ 80 դոլարի է հասնում, այսինքն` միջին խավը իր եկամուտներով ընդհուպ մոտենում է աղքատության շեմին:

«Այն թոշակառուն, ով ստանում է 18.000 դրամ, գտնվում է աղքատության նվազագույն շեմին շատ մոտ»,- ասաց Ա. Ադիբեկյանը:

«Աշխարհում ամենաբարձր վարձատրվողը Սինգապուրի վարչապետն է, ում աշխատավարձը մեկ միլիոն դոլար է, ԱՄՆ-ի նախագահը ստանում է մոտավորապես 400.000 դոլար, իսկ ամենացածր աշխատավարձը ստանում են Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Հայաստանի նախագահները»,- ասաց բանախոսը:

Նրա խոսքով` Հայաստանը իրավունք չունի խնայել կառավարողների վրա, քանի որ դրանով է նաև որոշվում աշխատանքի արդյունավետությունը:

«Մեզ մոտ ամենաբարձր աշխատավարձը դատական համակարգում է և մեզ մոտ դատավորը մոտ 2-3 անգամ ավելի բարձր է ստանում, քան երկրի նախագահը»,-ասաց Ա. Ադիբեկյանը: 

Ա. Ադիբեկյան. Դատավորները նախագահից բարձր աշխատավարձ են ստանում