«Ստեփանավան» օդանավակայանը կհամապատասխանեցվի միջազգային ստանդարտներին
25/10/2013 20:03

«Ստեփանավան» օդանավակայանը կհամապատասխանեցվի միջազգային ստանդարտներին

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարություն են այցելել ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մի խումբ մասնագետներ`ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիսյանի գլխավորությամբ։

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ` ողջունելով հյուրերին, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, նշել է, որ դեռ օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ «Ստեփանավան» օդանավակայանը հանձնվել է ԱԻ նախարարությանը։

«Այսօր դժվար է Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատկերացնել առանց ավիացիայի։ Ինքնաթիռներն ու ուղղաթիռները կարող են օգտագործվել հրդեհաշիջման աշխատանքներում` անտառային հրդեհներ, բարձրահարկ շենքերում բռնկված հրդեհներ, ավիացիան անհրաժեշտ է այլ երկրներ մեկնելու և մարդասիրական օգնություն տեղափոխելու համար։ Մենք նախատեսում ենք փոքր ավիացիան օգտագործել նաև հակակարկտային միջոցառումների շարքում։ Ստեփանավանի օդանավակայանում արդեն մեկնարկել են շինարարական աշխատանքները. ցանկապատվում է տարածքը, հիմնովին պետք է վերանորոգվի վարչական շենքը, թռիչքուղին և իրականացվեն բազմաթիվ այլ միջոցառումներ` օդանավակայանը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար»,- ասել է ԱԻ նախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Ստեփանավան» օդանավակայանի վարչական շենքին և թռիչքուղուն ներկայացվող պահանջների, օդանավակայանի նավիգացիայի և նավիգացիոն սարքավորումների, ինքնաթիռների տեսակների հետ կապված խնդիրները։

 

«Ստեփանավան» օդանավակայանը կհամապատասխանեցվի միջազգային ստանդարտներին