ՏՄՊՊՀ-ն հավատում է մոլորյալներին ու դարձի բերում
25/10/2013 19:56

ՏՄՊՊՀ-ն հավատում է մոլորյալներին ու դարձի բերում

Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով զեղչային մոլորեցնող քաղաքականության համար խիստ նկատողություն հայտարարեց «Ռուժ» խանութ սրահին, «Բեյսիկ Հաուս» խանութ սրահին, «Կաշարել» խանութ սրահին, «Օրկեստրա» խանութ-սրահին, «Մի-մի» խանութ սրահին, «Բուգատտի» խանութ սրահին, «Բրենդաութլեթ» խանութ-սրահին, «Շոկոլադ» խանութ-սրահին, «Վարդալ Ֆարմ» խանութ-սրահին, «Վենեցիա» խանութ-սրահին, «Մոսկինո» խանութ-սրահին և «Գեսս» խանութ սրահին:

Նշենք, որ շատ հաճախ, բերնդային, նաև ոչ բերնդային խանութների զեղչերը չեն համապատասխանում իրականության, օրինակ՝ մի խանութում, որտեղ նշված էր մինչև 50 տոկոս զեղչ, որևէ ապարնք չկարողացան ցույց տալ, որը զեղչվել էր 50 տոկոսով. Հիմնականում՝ 20-30 տոկոսի շրջանակներում էր զեղչերը: Կամ «Դեբենհեմս» խանութում նշված էր 70 տոկոս զեղչ, հետո պարզվեց, որ 70 տոկոսը գրել են խոշոր տառերով, իսկ «մինչևը»՝ այնքան մանր, որ ոչ բոլորն են նկատում: Մեկ այլ խանութում, օրինակ, երբ զեղչ են գրում պիտակի վրա, ավելի մեծ թիվ են ցույց տալիս, իսկ զեղչի գինը թողնում են նախկինը. Այս «զեղչային» քաղաքկանությունը տեսանելի է նման խանութներից հաճախ օգտվողներին. Կան նաև այլ օրինակներ:

Բրենդային խանութների զեղչային մոլորեցնող վարքագծին այսօր ՏՄՊՊՀ-ն մեղմ մոտեցում ցուցաբերեց, որը չթաքցրեց նաև նախագահ Արտակ Շաբոյանը՝ նշելով, որ բոլոր տնետսվարողներն ընդունել են իրենց մեղքի բաժինը, արագորեն վերացրել են խախտումները, հաշվի է առել նաև, որ խոշոր ընկերություններ չեն, միջին բիզնեսի ներակայացուցիչներ են. «Բրենդային խանութները սոցիալական նշանակության ապրանքներ չեն վաճառում և հասարակության լայն շերտերը չեն օգտվում այս խանութներից»,- ընդգծեց Ա. Շաբոյանը՝ հավելելով, որ հաջորդ անգամ նրան դեպքերի կրկնության պարագայում՝ բարձր ֆինանսական տուգանքներ են կիրառելու բոլոր այսօր ներում ստացած տնտեսվարողների նկատմամբ:

Նշենք, որ «Ռուժը», «Վենեցիան» և «Բեյսիկ հաուս» խանութ-սրահները դեռևս 2013թ-ի փետրվար-մարտ ամիսներից էին հայտնվել էին ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում` մոլորեցնող զեղչային քաղաքականություն վարելու համար:

Զեղչային մոլորեցնող քաղաքականություն վարող խանութները թեև ֆինանսական տույժի չենթարկվեցին, սակայն մեծ զեղչերի ժամանակ լրացուցիչ եկամուտներ են ստանում` վաճառելով հին ապրանքը` ոչ այնքան մատչելի գներով:

Իսկ թե ինչքանո՞վ է բրենդային խանութների համեմատաբար թանկ ապրանքը զեղչերի ժամանակ ունենում կամ չի ունենում սոցիալական նշանակություն, որի հիմնավորմամբ նաև այսօր ՏՄՊՊՀ-ն մեղմ վերաբերեց մոլորեցնողներին, փորձեցինք պարզել հարցումների միջոցով:

Aysor.am-ին Լուսինեն ասաց, որ բրենդային խանութներ այցելում է, սակայն գնումներ հիմնականում կատարում է զեղչերի ժամանակ և չի անհանգստանում, որ համեմատաբար հին ապրանքի վրա է զեղչը հաճախ լինում. «Մեր երկրում այնքան էլ խիստ չեն մոդայի կանոնները, մի հագուստը կարող ենք մի քանի տարի հագնել, իհարկե կան հագուստներ, որոնք մոդայից դուրս գալուց հետո աչք են ծակում, սակայն մոդային հետևելու հասկացությունը Հայստանում այնքան էլ խիստ չէ: Ես միայն զեղչերի ժամանակ եմ գնումներ անում, եթե հատկապես 50 կամ 70 տոկոս զեղչ է լինում»:

Աննան էլ ասաց, որ ամսական եկամուտը կազմում է 200 հազար դրամ, հիմնականում բրենդային խանութներից գնումներ է կատարում զեղչերի ժամանակ. Շատ քիչ է լինում, որ մի իրը այնքան է հավանում, որ հենց թանկ էլ գնում է: Նա ևս նկատել էր խանութների անբարեխիղճ զեղչային քաղաքականությունը:

«Բրենդային խանութներ չեմ գնում, փոքրիկ խանութներից եմ հագուստ գնում»,- փոխանցեց Անին, բացատրելով, որ Աբովյան փողոցի բերնդային խանութներից մեկը 50 տոկոս զեղչ է հայտարարել, սակայն իրականում զեղչը կազմել է 10-15 տոկոս:

Հարցվողները հիմնականում միջին եկամուտներ ունեցողներ էին և կարող ենք արձանագրել, որ հենց զեղչերի ժամանակ են հիմնականում գնումներ կատարում բրենդային խանութներից:

«Արդյոք կարելի՞ է նման իրավիճակը համարել սոցիալական նշանակություն ունեցող, թե՞ ոչ»,- Aysor.am-ի նման ձևակերպմանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն արձագանքեց, ասելով, որ նման խանութներում ավելի թանկ գնով ապրանքեր են վաճառվում, զեղչերի ժամանակ էլ ապրանքներն էժան չեն լինում, այնպես որ անապահով խավի ներկայացուցիչները դժվար շահագրգռվեն և այցելեն այդ խանութներ:

Ա. Շաբոյանն այն կարծիքին է, որ այդ խանութների անունը բարձրաձայնելով ևս վնաս է հասցվել նրանց իմիջին:

Երևի թե կարելի էր թեթև հարվածել սպառողին մոլորեցնող խանութների գրպաններին, իսկ այն, որ չքմեղանում են, որ իրենք տեղյակ չեն, չգիտեին, որ վատ բան են անում. երևի թե պետք չէր հավատ ընծայել. ՏՄՊՊՀ-ի վարույթները ցույց են տվել, որ տուգանված կառույցների ներկայացուցիչները շեշտում են, որ տեղյակ չեն օրենքից, չգիտեն, որ սխալ են արել, ու այսպես չիմանալով բիզնեսի օրենքները` մեծ բիզնես են ծավալում երկրում, հընթացս էլ «չիմանալով» խաբում ու մոլորեցնում սպառողներին:
 

ՏՄՊՊՀ-ն հավատում է մոլորյալներին ու դարձի բերում