.jpg)
Ֆիգու. «Իսպանիայում ասում են, որ դու մշակված նյութ ես…»
2000 թ. «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուիշ Ֆիգուն ընդգծել է, որ Իտալիայում ավելի լավ են վերաբերվում տարեց ֆուտբոլիստներին, քան Իսպանիայում: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը հանդես է եկել «Բարսելոնում», «Ռեալում» և «Ինտերում»:
«32 տարեկանում Իսպանիայում ինձ բոլորը «թաղեցին»: Բախտս բերեց, որ հայտնվեցի «Ինտերում» և այդ թիմի հետ 4 անգամ տիրացա սկուդետտոյին: Իսպանիայում կա այսպիսի կարծիք, որ 31 տարեկանից հետո ֆուտբոլիստի մարզական կարիերան ավարտվում է: Իտալիայում թե երկրպագուները, թե ԶԼՄ-ները, թե ակումբները դատում են միայն այն հանգամանքով, թե ինչպիսի խաղ ես ցուցադրում դաշտում:
Խոսքերս հաստատելու համար բավական է միայն նայել «Ինտերի», «Միլանի» և «Յուվենթուսի» տրանսֆերային քաղաքականությանը: Նրանք մշտապես ձեռք են բերում տարեց ֆուտբոլիստներ, ովքեր գտնվում են լավ մարզավիճակում: Օրինակ` Պիրլոն, ով թուրինյան թիմի առաջատարն է դարձել:
Իտալիայում քեզ երբեք չեն ասում, որ դու մշակված նյութ ես, քանի որ 30 տարեկան ես: Իսպանիայում հենց այդպես է, և դա ինձ դուր չէր գալիս:
Հիշում եմ, թե ինչպես էի մնում «Ռեալի» պահեստայինների նստարանին և դա մարզիչն անում էր առանց որևէ բացատրության: Շատ էի նյարդայնանում: Կարող էի «Արքայական ակումբում» մնալ ևս 1 տարի` ստանալով լավ աշխատավարձ և ամենևին չանհանգստանալով, բայց ես ընտրեցի այլ ճանապարհ, ինչի համար շատ ուրախ եմ: Չեմ կիսում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի որոշ գաղափարներ, բայց հարգում եմ նրան»,- նշել է Ֆիգուն: