.jpg)
Իրանցի արվեստագետները՝ ճոկանի հանդեպ Ադրբեջանի հավակնությունների մասին
Ճոկան մարզախաղը վկայված է թե՛ իրանական պատկերագրության, թե՛ գրականության մեջ: Այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է իրանցի արվեստագետ Աբդոլմաջիդ Հոսեյնի Ռադը:
Նշենք, որ օրերս ԻԻՀ ճոկանի ֆեդերացիայի նախագահ Համզե Իլխանի Զադեն տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին իրենց անվանը գրանցելու ջանքերից հետո հիմա էլ փորձ են անում նույն կերպ վարվել հին իրանական ճոկան մարզախաղի հետ և այդ առումով արդեն պաշտոնապես դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
Իրանցի մտավորականը, անդրադառնալով վերոնշյալ փաստին, մասնավորապես նշել է. «Թե՛ Ֆերդոուսու «Շահնամեի» առաջին պատկերանկարներում, թե ժամանակակից արվեստում ճոկանը հիշատակվում է, որն էլ վկայում է, որ սույն մարզախաղը Իրանի մշակույթում իր ուրույն տեղն ունի»:
Հավելենք, որ ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնակատար Սեյյեդ Ռեզա Սալեհի Ամիրին օրերս, անդրադառնալով ճոկանի խնդրին, մասնավորապես նշել էր. «Ճոկանի շուրջ տեղի ունեցող զարգացումների առնչությամբ մենք արտաքին գործերի նախարարության և Մշակութային ժառանգության կազմակերպության պատասխանատու պաշտոնյաների հետ համատեղ նիստ են հրավիրելու: Վստահ եղեք, թույլ չենք, տա, որպեսզի մեր սիրելի Իրանին պատկանող ճոկան մարզախաղը գրանցվի Ադրբեջանի անվանը»:
Ճոկանը խմբակային սպորտի տեսակ է, որ խաղում են մականներով և գնդակով։ Մասնակիցները ձիավորներ են, որոնք բաժանվում են երկու խմբի և խաղադաշտում հատուկ մականների օգնությամբ փորձում են գնդակով գրավել հակառակորդի դարպասը։
Նկատենք, որ մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին զգալի տարաձայնություններ են առաջացել: Իրանական կողմի պնդմամբ՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին որպես ադրբեջանական ներկայացնելուց, սեփականացնում է նաև իրանական երաժշտական գործիքները, արդեն նաև ճոկան մարզախաղը, ինչն էլ հարուցում է իրանցի պաշտոնյաների և արվեստագետների դժգոհությունը:
Նախորդող հրապարակում՝ Իրան. Թույլ չենք տա, որպեսզի Ադրբեջանը ճոկանը (polo) գրանցի իր անվանը