Ա. Կասպրշիկ. Ապակայունացման սպառնալիք կար, մենք զսպող դեր ենք խաղացել
26/10/2013 11:12

Ա. Կասպրշիկ. Ապակայունացման սպառնալիք կար, մենք զսպող դեր ենք խաղացել

Նախօրեին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել: Ինչպես ավելի վաղ հաղորդել ենք դիտարկումը տեղի է ունեցել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտակայքում:

Դիտարկման ավարտին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը պատասխանել է Արցախի հանրային հեռուստատեսության հարցերին:

Անդրադառնալով նախորդ` հոկտեմբերի 17-ին Հադրութի ուղղությամբ ձախողված դիտարկամանը, նա բացատրել է. «Նախորդ դիտարկումը պետք է դադարեցնեինք այն կրակոցների պատճառով, որ դիտարկման կետին շատ մոտ էին և դժվար էր որոշել, թե ինչ է տեղի ունենում: Հաշվի առնելով անվտանգության հարցերը ավելի նպատակահարմար էր դադարեցնել այն, քան թե հայտնվել ինչ-որ կրակոցների տակ»:

Դեսպան Կասպրշիկը խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին՝ նշելով. «Ես այնտեղ չեմ եղել: Տեղեկություն ստացել եմ 40 րոպե անց, երբ դեռ կրակոցները հնչում էին: Ես կարողացա որոշ միջոցներ ձեռնարկել, ազդել, որ կրակը դադարեցվի: Կապվեցի մարդկանց հետ, որ կարող են ազդել իրավիճակի վրա»:

Չնայած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, նույնիսկ իրենց կողմից իրականացվող միջոցառումների ընթացքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կարծում է, որ շփման գծի դիտարկումները իրավիճակի վրա, այնուամենայնիվ, դրական ազդեցություն են ունենում, երբեմն զսպում լարվածությունը: «Եվ իմ կարծիքը, և իմ ղեկավարի, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կարծիքն այն է, որ դիտարկումները դրական ազդեցություն ունեն:

Դիտարկումն այն է, ինչ կա մակերեսին, բայց կան գործողություններ, որ հաջորդում են դիտարկմանը, երբեմն կատարվում են նույնիսկ դիտարկման ընթացքում: Մենք այդ մասին զեկուցագրեր ենք պատրաստում, որոնք չեն տարածվում: Դրանք ԵԱՀԿ գործող նախագահին, Մինսկի խմբի համանախագահներին, Մինսկի խմբին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին են տրամադրվում:

Սահմանափակ մարդկանց համար են: Ես կարծում եմ եղել են դեպքեր, երբ արդեն հնչած կրակոցների մեկնաբանությունների ծավալման ֆոնին իրավիճակի ապակայունացման սպառնալիք կար որոշ հատվածներում: Մենք զսպող դեր ենք խաղացել: Իսկ հիմնականում գնահատական կարող են տալ երկու կողմից մեզ ուղեկցող զինվորականները, քաղաքական ղեկավարները»:

 

Ա. Կասպրշիկ. Ապակայունացման սպառնալիք կար, մենք զսպող դեր ենք խաղացել